Բագրատ Սրբազանի և մյուսների գործով ամբաստանյալներից Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը այսօրվա՝ հոկտեմբերի 30–ի դատական նիստում հանդես եկավ քրեական վարույթը կարճելու միջնորդությամբ։

«Գործով մեղադրյալների՝ նաև վստահորդիս իրավունքների սահմանափակումն ապօրինի է և ունի այլ թաքնված նպատակ, այն է մեկուսացնել «Սրբազան պայքար»-ի ակտիվ մասնակիցներին քաղաքական գործընթացներից, այդ թվում խաղաղ ակցիաներ իրականացնելու հնարավորությունից»,-ասաց պաշտպան Տաթևիկ Սողոյանը՝ հավելելով, որ գործով որպես ապացույցներ են ներկայացվել ձայնագրություններ, որոնք մոնտաժված են, կեղծված։

«Ես քաղաքական հայտարարություն չեմ անում, անում եմ իրավական արձանագրում։ ՀՀ իշխանություններն իրավապահ համակարգի ձեռքով հետապնդում են այլ՝ օրենքով չնախատեսված նպատակ մեկուսացնելու սույն գործով մեղադրյալներին քաղաքական գործընթացներից»,-հայտարարեց պաշտպանը։

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ ցանկանում է  ամփոփում անել, քանի որ իր ներկայացրած միջնորդությունն է քննարկվում ու տևական ժամանակ է անցել դրա ներկայացումից։

«Ինչպես նշեց գործընկերս, այ գործն ունի քաղաքական նպատակ, և դա ամենևին էլ քաղաքական հայտարարություն չէ։ Հստակ ձևակերպված իրավական դիրքորոշում է։ Գործը դատարան է բերվել կեղծված ապացույցների հիման վրա, ակնհայտ և խիստ ինտենսիվ միջամտությամբ, որևէ պարագայում այս գործով որևէ ակտ, բացառությամբ այս պահին Ձեր կողմից հետապնդումը դադարեցնելու՝ ընդհուպ արդարացնելու որոշումը, չի լինելու օրինական»,-ասաց Խուդոյանը։