Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմն ավարտվել է և այդ երկրից Գերմանիայում ապաստան ստացած փախստականները պետք է վերադառնան հայրենիք։
«Այժմ Գերմանիայում ապաստան տրամադրելու հիմքեր չկան, ուստի մենք կարող ենք սկսել արտաքսումը», - ասել է Մերցը Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասի վարչապետ Դանիել Գյունթերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է DW-ն։
Գերմանիայի կանցլերը հույս է հայտնել, որ սիրիացիների մեծ մասը կամավոր կվերադառնա իրենց երկիր և կօգնեն երկրի վերականգնմանը։ Նա հավելել է, որ Գերմանիան ներդրում կունենա Սիրիայի վերականգնման գործում։
DPA գործակալությունը նշում է, որ կանցլերի՝ սիրիացի փախստականների մասին հայտարարությունը հակասում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի խոսքերին, ով հոկտեմբեր ամսվա վերջին Դամասկոս կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիայում բնակվող սիրիացի փախստականները դժվար թե «մոտ ապագայում» վերադառնան ավերված երկիր։
DPA-ն հաղորդում է, որ Մերցը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային հրավիրել է այցելել Գերմանիա՝ քննարկելու այն սիրիացի հանցագործների վերադարձը, որոնց Գերմանիայի իշխանությունները ծրագրում են արտաքսել երկրից։
dpa-ն գրում է, որ պաշտոնական տվյալներով օգոստոսի վերջի դրությամբ Գերմանիայում գտնվել է շուրջ 951 հազար սիրիացի, որոնցից 920 հոգուն Գերմանիայի իշխանությունները որոշել էին արտաքսել։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, X սոցիալական ցանցում մեկնաբանելով Մերցի ելույթը, գրել է, որ Գերմանիայի կանցլերը «վերջապես սկսել է կարդալ ներգաղթի վերաբերյալ մեր հրապարակումները, որը տանում է դեպի արևմտյան քաղաքակրթության ինքնասպանություն և ձեռնարկել է որոշակի գործողություններ»։ Դմիտրիևը հույս է հայտնել, որ Մերցը «կլսի նաև ռուսական իշխանությունների մյուս առաջարկությունները»։
2024 թվականի դեկտեմբերին տապալվել է Բաշար ալ-Ասադի ռեժիմը, ով երկար տարիներ Սիրիայի նախագահն է եղել։ Սիրիայի ժամանակավոր նախագահ է դարձել ընդդիմադիր խմբավորումներից մեկի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան։ Ռուսաստանն ապաստան է տրամադրել Ասադին և նրա ընտանիքին։




























