Ստամբուլի գլխավոր դատախազությունն ավարտել է քաղաքի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ կոռուպցիայի գործով հետաքննությունը և նրա համար պահանջում է մինչև 2352 տարվա ազատազրկում։ Ինչպես հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքը, մեղադրական եզրակացությունը փոխանցվել է դատարան՝ հետագա քննության համար։
«Ավարտվել է Ստամբուլի քաղաքապետարանի նկատմամբ կոռուպցիայի գործով մեղադրական եզրակացության նախապատրաստումը։ Գործը փոխանցվել է դատարան։ Հանցագործության կատարման պահին պետական գույքին [գործով անցնող անձանց կողմից] հասցված վնասը 10 տարվա ընթացքում գնահատվում է 160 միլիարդ լիրա (3,8 միլիարդ դոլար)»,- գլխավոր դատախազի խոսքերը մեջբերում է NTV հեռուստաալիքը։
Մեղադրական եզրակացությունը բաղկացած է 3,9 հազար էջից, գործով անցնում է 402 կասկածյալ, որոնցից 102-ը կալանքի տակ են։ Ինչպես հայտնում է Hürriyet թերթը, Իմամօղլուի համար, որը գործով անցնում է որպես հիմնական մեղադրյալ և «հանցավոր կազմակերպության հիմնադիր ու ղեկավար», մեղադրանքը պահանջում է 282-ից մինչև 2352 տարվա ազատազրկում՝ հանցագործությունների ամբողջության համար։





























