Իսրայելի զինված ուժերի հրամանատարը կիրակի օրը պաշտոնանկ է արել մի քանի բարձրաստիճան զինվորականների և նկատողություն հայտնել մի քանիսին՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ձախողումների մեջ ունեցած դերի համար, երբ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հանկարծակի հարձակվել էր Իսրայելի հարավի վրա Գազայից, հայտնում է Reuters-ը։

Մի քանի սպաների հայտարարվել է, որ նրանք կզորացրվեն և այլևս չեն ծառայի զինված ուժերում, ասվում է բանակի հայտարարությունում։ Մյուսներին տրվել են պաշտոնական նկատողություններ, իսկ մեկին տեղեկացվել է, որ նրա ծառայությունը կդադարեցվի։ Եվս մեկը ներկայացրել է հրաժարականի դիմում։

Զորացրվողների թվում եղել են հետախուզության վարչության, օպերատիվ վարչության և Գազայի համար պատասխանատու հարավային հրամանատարության նախկին ղեկավարները։ Գեներալները նախկինում արդեն հեռացել էին ակտիվ ծառայությունից, բայց մնացել էին պահեստում։ «Իսրայելի բանակը հոկտեմբերի 7-ին ձախողվեց իր գլխավոր առաքելության՝ Իսրայելի պետության քաղաքացիական բնակչության պաշտպանության, կատարման մեջ, — հայտարարել է Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։ — Սա լուրջ, խիստ, համակարգային խափանում էր, կապված որոշումների և վարքի հետ՝ ինչպես նախօրեին, այնպես էլ իրադարձության ընթացքում։ Այդ օրվա դասերը բազմաթիվ են և նշանակալի, և դրանք պետք է լինեն մեր ուղեցույցը ապագայի համար, դեպի որը ես մտադիր եմ առաջնորդել [իսրայելական բանակը]»։

Վերջին կարգապահական միջոցները ձեռնարկվել են այն պայմաններում, երբ իսրայելական պաշտոնյաները բախվում են աճող հասարակական ճնշման, որը պահանջում է նրանց պատասխանատվության ենթարկել հարձակման հանգեցրած ձախողումների համար։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը դեռ չի սկսել հոկտեմբերի 7-ի ահաբեկչության համազգային քննությունը։ Շաբաթ երեկոյան ընդդիմության առաջնորդները միացել են հազարավոր ցուցարարներին Թել Ավիվում՝ պահանջելով պետական քննիչ հանձնաժողովի ստեղծում։

Իսրայելի տվյալներով, հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով «ՀԱՄԱՍ»-ի և այլ պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելում զոհվել է մոտ 1200 մարդ, շուրջ 250-ը վերցվել են պատանդ։

Այդ հարձակումը հրահրեց Իսրայելի ցամաքային և օդային արշավը Գազայում, որը, տեղական առողջապահական մարմինների տվյալներով, ամայացրել է անկլավի զգալի մասը և խլել ավելի քան 69 հազար մարդու կյանք։

Իսրայելն ու «ՀԱՄԱՍ»-ը ԱՄՆ-ի միջնորդությամբ անցած ամիս համաձայնության էին եկել հրադադարի շուրջ՝ որպես պատերազմի դադարեցման ծրագրի առաջին փուլ։