Զբոսաշրջիկների թիվը ժամանակի ընթացքում աճում է, մի քանի ամսվա ընթացքում Չինաստանից Հայաստան է այցելել 34 հազար զբոսաշրջիկ։ Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը:

Նա սա շատ լավ ցուցանիշ է անվանել։ Դիվանագետը հույս է հայտնել, որ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը կշարունակի զարգանալ և չինացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ է՛լ ավելի կաճի։

Նրա գնահատմամբ՝ 2025 թվականին երկու երկրների միջև հարաբերությունները զարգացել են թռիչքաձև, ինչի դրսևորումն է Չինաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթների հաճախականության ավելացումը։ Դեսպանը նկատել է, որ եթե նախկինում Հայաստանի բնակիչները Չինաստանը համարում էին հեռավոր երկիր, ապա այժմ ընդամենը չորս ժամվա ընթացքում նրանք կարող են հայտնվել ՉԺՀ-ում։

Դեսպանը գոհունակություն է հայտնել, որ հայ երիտասարդությունը ակտիվորեն հետաքրքրված է չինարենի ուսումնասիրմամբ։ Դիվանագետը հավելել է, որ չինարենի տիրապետումը թույլ կտա գտնել երազանքի աշխատանք։ «Ամբողջ աշխարհում չինարենին տիրապետում է 1,4 միլիարդ մարդ։ Համոզված եմ, որ հայ երիտասարդությունը կլինի այդ 1,4 միլիարդ մարդկանց շարքում», - եզրափակել է նա։