Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 18–ին չի մասնակցելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված հավաքին։
«Ոչ, աշխատանքային ժամ է, չեմ կարող»,– ի պատասխան NEWS.am-ի թղթակցի՝ հայտնեց մարզպետը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել նոր հայտարարությամբ․ «Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»։
Ի պատասխան, բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչներ հայտարարել են Մայր Աթոռին իրենց աջակցության մասին և որ այսօր ներկա են լինելու Մայր Աթոռում։





























