Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA) վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Նիկոլայ Վալուեւին զարմացրել են Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Ռիբակովի արտահայտությունները, թե Վալուեւին ժամանակն է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան, գրում է REGNUM գործակալությունը: Հիշեցնենք, որ Վալուեւը նոյեմբերին չկարողացավ պաշտպանել գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը՝ միավորներով պարտվելով բրիտանացի Դեվիդ Հեյին:

«Ռիբակովը Հեյի հետ իմ վերջին մարտից հետո հայտարարել է, թե ծնկներիս ցավի պատճառով ես առաջիկայում կարող եմ ավարտել իմ կարիերան։ Սակայն, ինչպես արդեն նշել եմ, ծնկներիս ցավն ինձ չի անհանգստացնում», իր բլոգում գրել է Վալուեւն ու հավելել. «Ռիբակովի հետ այնքան վաղուց եմ հանդիպել, որ ինձ զարմացրեց, թե ինչպես է նա գնահատում իմ առողջական վիճակը: Հուսով եմ՝ առաջիկայում ես կոնկրետ ծրագիր կմշակեմ ռինգում հետագա ելույթներիս կապակցությամբ: Որքան թույլ է տալիս առողջությունս, այդքան էլ կմնամ բռնցքամարտում»: