Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ 24-ամյա Սամվել Մկրտչյանը, NEWS.am–ի տեղեկություններով, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր՝ Վահագն Մկրտչյանի որդին է։

Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։

Ավելի վաղ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական բենզին ներկրող ընկերությունը «Մեգա Թրեյդ»-ն է, որը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանից երկաթուղով ներմուծվել է 22 վագոն բենզին՝ պրեմիում որակի։

Երեկ արդեն տեղեկություն տարածվեց, որ Սուքիասյանների ընկերությանը պատկանող «Ran oil» բենզալցակայաններում վաճառվում է այդ բենզինը՝ լիտրը 430 դրամով։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Ադրբեջանից ցորենը ևս Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունն էր ներկրել։