Նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Սուրեն Սիրունյանը հետ է վերցրել իր հայցը Եվրոպական դատարանից, որպես բողոք ՀԱԿ-ի ներկա դիրքորոշման: Այս մասին այսօր` փետրվարի 7-ին, ասուլիսում հայտարարեց ինքը` Սուրեն Սիրունյանը, հավելելով, որ հայցը Եվրադատարանից հետ վերցնելու հարցում որեւէ ճնշում իշխանությունների կողմից չի եղել, եւ դա կապված է բացառապես Կոնգրեսի ներկա դիրքորոշման հետ:

Նա նաեւ ընդգծել է, որ շուրջ 15-17 նախկին քաղբանտարկյալներ եւս մտադիր են հետ վերցնել իրենց հայցերը Եվրադատարանից եւ այլեւս իրենց չեն տեսնում ՀԱԿ-ի կազմում: «Հայցը ներկայացվել է ավելի քան մեկ տարի առաջ եւ մինչ այսօր շատ բան է փոխվել ինչպես երկրում, այնպես էլ ՀԱԿ-ի գործողություններում: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրում էր իր թեկնածությունն ընտրություններում, նա հայտարարեց, որ պատրաստ է ժողովրդի ձեռքում գործիք լինել, իսկ հիմա մենք ենք նրա ձեռքին հայտնվել գործիքի դերում եւ օգտագործվել նեղ անձնական շահերի համար»,-ասաց Սիրունյանը:

Նրա խոսքով, ընդդիմադիր շարժման շատ անդամներ 2007-ին մտածել անգամ չէին կարող, որ իրենց շարքերում կհայտնվեն մարդիկ, ովքեր երկար տարիներ ծառայել են այս ռեժիմին: «Ընդդիմության շատ անդամներ հնարավորություն են ունեցել աշխատել իշխանությունների համար, բայց ոչ-ոք չի գնացել այդ ճնապարհով: Եվ ահա, 2008-ին ընդդիմության շարքերն ընդգրկվեցին մարդիկ, ովքեր 10 տարի շարունակ ծառայել էին ռեժիմին, ովքեր չէին մասնակցել նախընտրական արշավին եւ որոնց ընտրությունների ավարտից հետո մի քանի օր պահանջվեց, որպեսզի հասկանան, որ ցանկանում են պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն, այլ խոսքով, աջակցություն հայտնելու վերաբերյալ որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ իշխանությունների նավը խորտակվում է»,-ընդգծեց Սիրունյանը:

Հարցին, թե իր տեսակետը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանդեպ խանդի դրսեւորում չէ՞, նա պատասխանեց. «Ես միայն կանանց եմ խանդում»:

Լրագրողների խնդրանքին` բացել փակագծերը եւ մանրամասն ներկայացնել տեղի ունեցածի պատճառները, Սիրունյանը նշեց, որ այդ մասին առավել բաց անպայման կխոսի2013-ի նախագահական ընտրություններից հետո, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն մեղադրել նախընտրական շրջանում ՀԱԿ-ին վարկաբեկելու մեջ:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, մաս կազմել որեւէ կուսակցության, Սիրունյանը բացասական պատասխան տվեց, հավելելով, որ չի պատրաստվում նաեւ առաջադրվել առաջիկա ընտրություններում, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին այլեւս չի պաշտպանի: