Կալուգայի շրջանի Մալոյարոսլավեց քաղաքում փետրվարի 7-ին սկսվում է այն կռվի դատավարությունը, որի ժամանակ 19-ամյա հայը դանակահարել էր «Սպարտակի» երկրպագու 24-ամյա Ալեքսեյ Երշովին, որը մի քանի շաբաթ հիվանդանոցում է անցկացրել:

Հարձակման մեջ կասկածվող Հայաստանի բնակչին սկզբում ձերբակալել են, հետո բաց թողել` երկրից չբացակայելու պայմանով:

Տեղի իրավապահ մարմինների այդ գործողությունները վրդովեցրել են ֆուտբոլային երկրպագուներին, որոնք 300 հոգանոց կազմով եկել են Մալոյարոսլավեց եւ մեղավորներին պատժելու պահանջ ներկայացրել:

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տվյալներով` դատի պատճառով հարեւան քաղաքներից հատուկ ծառայությունների աշխատակիցներ կժամանեն: Սպասվում է ֆուտբոլային երկրպագուների այցը եւ հայկական սփյուռքի հանրահավաքը, ովքեր բողոքում են երկրպագուների կողմից դատարանի վրա ճնշում գործադրելու փաստի կապակցությամբ:

Փորձագետները չեն բացառում, որ երկրպագուների միջամտությունից հետո Անդրանիկ (Ալիկ) Սիմոնյանը կարող է առավելագույն պատիժ կրել` մինչեւ 10 տարի`Քրեական օրենսգրքի 111.2 հոդվածի համաձայն (Առողջությանը միտումնավոր կերպով ծանր վնաս հասցնելը):

Դեպքը տեղի է ունեցել 2011թ. սեպտեմբերին «Հինգ աստղ» ակումբում: Բարմենի վկայությամբ` սկզբում երկու հայերի միջեւ վեճ է ծագել, նրանց է մոտեցել հսկիչը, որն օգնության է կանչել Ալեքսեյ Երշովին: Ակումբում եղած հայերը շտապել են օգնության հասնել հայերին, ռուսները` ռուսներին: Արդյունքում Երշովը վնասվածք է ստացել: Բարմենը նաեւ նշել է, որ հայերը քաղաքում իրենց «վաղուց լավ չեն պահում»:

 «Զզվեցրել են: Երիտասարդները լկտի պահվածք ունեն, գալիս են խմբերով եւ մուտքի գումարը չվճարելու համար  կռվում են հսկիչների հետ», - հստակեցրել է ակումբի աշխատակիցը:
Կասկածյալ Ալիկ Սիմոնյանին գտել են վերահսկիչ տեսախցիկների ձայնագրությունները դիտելով: Երշովը, նրա կինը եւ հսկիչը ճանաչել են նրան:

Նախորդ տարվա նոյեմբերին Սիմոնյանը  600 հազար ռուբլի գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Քաղաք ժամանած երկրպագուները հանդիպել էին քաղաքապետարանի աշխատակազմի, տեղի ներքին գործերի մարմինների ղեկավարների, ինչպես նաեւ շրջանի պատգամավորի  հետ:

Տեղի ներքին գործերի մարմինների ղեկավար Յուրի Գորբոռուկովը երկրպագուների ակցիայից հետո դիմել էր հայկական համայնքին եւ խնդրել չարձագանքել սադրանքներին:

Ինչ վերաբերում է երկրպագուների գլխավոր պահանջին, թե ինչու են բաց թողել Սիմոնյանին, Գորբոռուկովը հայտնել է, որ նման որոշում է կայացվել, քանի որ նա նախկինում քրեական պատասխանատվության չի ենթարկվել, գրանցված է եղել քաղաքում, ապրում է այստեղ մանկությունից եւ ընդհանրապես «լավ տղա է»:

Ալիկ Սիմոնյանը «ԿՊ»-ին պատմել է, որ վերջերս է վերադարձել բանակից: Ապրում է Մալոյարովսլավեցում, զբաղվել է ձյուդոյով հենց նույն մարզադահլիճում, որտեղ եւ բոքսի է գնացել Երշովը:

Սիմոնյանը վստահեցնում է, որ ինքը մեղավոր չէ. «նրանք առաջինն են սկսել, քանի որ մենք 7-8 հոգի էինք, իսկ նրանք` 20»: Որպես ապացույց նա ցույց է տալիս շղթայով խաչը, ասելով, որ պահակը վստահեցնում է, որ հաեւձակվողի վրա շղթա է եղել: «Եւ ես գիտեմ, թե ով է դանակահարել Երշին: Վրացի է, ապրում է Մոսկվայում, անունն է Սոկրատ: Ես նրա հետ խոսել եմ հեռախոսով, նա բանտ չի ուզում գնալ», - հայտնել է մեղադրյալը:

«Նրանք ուզում են ինձ մեղադրել միայն 3 մարդու վկայության պատճառով» - վրդովվել է Ալիկը: Ըստ նրա` կռվի ժամանակ շատ վկաներ են եղել, սակայն քաղաքը փոքր է, եւ մարդիկ վախենում են ճշմարտությունն ասել: Նա պատմում է, որ իր եւ իր հայ ընկերոջ համար միջամտել է միայն մի ռուս` Բաբուշկինը, եւ նրան էլ մի շաբաթ անց ծեծել են:  «Ես գիտեմ Երշովին, նրա համար մեկ է, թե ում կնստացնեն, կարեւորը որ նստողը ռուս չլինի», - կարծում է Սիմոնյանը:

Ըստ նրա` երկրպագուների գալուն ինքը չեզոք է վերաբերում: «Մինչեւ այն շաբաթ օրը ես չգիտեի, թե երբ է դատարանի մյուս նիստը, իսկ այժմ փաստաբանն է զանգում ինձ, եւ պարզվում է, որ փետրվարի 7,8,9-ին: Մեր գործում 16 վկաներ կան, եւ նրանք ուզում են 3 օրվա ընթացքում ամեն ինչ արագ ավարտել: Միթե սա ճնշում չէ» - հարցնում է Սիմոնյանը:

Ալիկի ընկեր Գագիկ Միկոյանը պատմել է, որ փետրվարի 3-ին` Ալիկի ձերբակալման օրը, նա եւ Սիմոնյանի եղբայրը մոտեցել են Երշովին եւ բացատրել նրան, որ նա սխալվել է, եւ նրան Ալիկը չի դանակահարել: «Վերջինս պատասխանել է. ինձ քիչ էր մնում սպանեին, ինչ-որ մեկը պիտի նստի, առավել եւս, որ հսկիչն ու իմ սիրած աղջիկը չէին կարող սխալվել: Այսինքն նա հաստատ չի հիշում, թե ով է իրեն խփել: Ահա եւ ամբողջ ճնշումը», - նշել է Միկոյանը:

Մինչդեռ իշխանությունները նշում են, որ դատարանն այս գործով դեռ ոչ մի պատրաստի որոշում (կասկածներ էին հնչում, թե իբր «հայերը գնել են դատարանը») չունի: Կալուգայի շրջանի նահանգապետ Անատոլի Արտամանովը հայտարարել է, որ նրա դիրքորոշումը միանշանակ է` հանցագործը պետք է պատժվի օրենքի սահմաններում: