Միավորված ազգերի կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ տասնամյակներ շարունակ Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների նկատմամբ իրականացվող խտրականությունն ու սեգրեգացիան խորանում են և կոչ է արել երկրին վերջ դնել «ապարտեիդի համակարգին»։ Այս մասին հայտնում է AFP-ն։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցում նշվում է, որ օկուպացված պաղեստինյան տարածքներում պաղեստինցիների նկատմամբ իրականացվող «համակարգված խտրականությունը» վերջին տարիներին «կտրուկ ուժեղացել է»։

«Հորդանան գետի արևմտյան ափին տեղի է ունենում պաղեստինցիների իրավունքների համակարգված ոտնահարում», - ասված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկի հայտարարության մեջ։ — «Լինի դա ջրի հասանելիությունը, դպրոց հաճախելը, հիվանդանոց գնալը, ընտանիքին կամ ընկերներին այցելելը, թե ձիթապտղի բերքահավաքը՝ պաղեստինցիների կյանքի յուրաքանչյուր ասպեկտ Արևմտյան ափին վերահսկվում և սահմանափակվում է Իսրայելի խտրական օրենքներով, քաղաքականությամբ և գործելակերպով։ Սա ռասայական խտրականության և սեգրեգացիայի առանձնահատուկ դաժան ձև է, որը հիշեցնում է այն ապարտեիդի համակարգը, որին մենք բախվել ենք նախկինում»։

ՄԱԿ-ի հետ կապված մի շարք անկախ փորձագետներ նախկինում օկուպացված պաղեստինյան տարածքներում տիրող իրավիճակը բնութագրել էին որպես «ապարտեիդ», սակայն սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն է օգտագործել այդ տերմինը։

Չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում նշվում է, որ Իսրայելի իշխանությունները «Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող իսրայելցի վերաբնակիչների և պաղեստինցիների հետ վարվում են երկու տարբեր օրենսգրքերի ու քաղաքականությունների համաձայն, ինչն անհավասար վերաբերմունքի է հանգեցնում մի շարք կարևորագույն հարցերում»։

«Պաղեստինցիները շարունակում են ենթարկվել հողերի լայնածավալ բռնագրավման և ռեսուրսների հասանելիությունից զրկման», - ասված է հայտարարության մեջ։

Սա հանգեցրել է «նրանց հողերից ու տներից զրկվելուն՝ համակարգված խտրականության այլ ձևերի հետ մեկտեղ, ներառյալ ռազմական դատարաններում քրեական հետապնդումը, որի ընթացքում պատշաճ իրավական գործընթացի և արդար դատաքննության նրանց իրավունքները համակարգված կերպով խախտվում են»։

Չորեքշաբթի օրը Թյուրկը պահանջել է, որ Իսրայելը «չեղարկի բոլոր այն օրենքները, քաղաքականությունն ու գործելակերպը, որոնք հավերժացնում են պաղեստինցիների համակարգված խտրականությունը՝ ռասայական, կրոնական կամ էթնիկական ծագման հիման վրա»։