«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը երեկ՝ հունվարի 12-ին, հայտարարել էր, որ կառավարությունը 65 մլն դոլար է հատկացրել 2026 թվականին վարչապետի աշխատակազմի ծախսերի համար։ Նրա խոսքով՝ այդ ցուցանիշը նախորդ տարիների համեմատ աճել է մոտ չորս անգամ, իսկ գումարը գերազանցում է Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Դանիայի թագավորական ընտանիքների տարեկան ծախսերի համագումարը։
Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Փաստերի ստուգման հարթակը Կարապետյանի խոսքերը շտապեցին սուտ և մանիպուլյացիա որակել։
Փաստերի ստուգման հարթակը մասնավորապես “պարզաբանել” է, որ վարչապետի աշխատակազմի ծախսերը ոչ թե քառապատկվել են, այլ աճել են “ընդամենը” 20 միլիոն դոլարով։
Արայիկ Հարությունյանն իր արձագանքում նշել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն ավելի մեծ գործառույթներ, գրասենյակներ ունի, քան այդ թագավորական ընտանիքները։
Գրեթե նույնը որպես փաստարկ ներկայացնում է Փաստերի ստուգման հարթակը. թագավորական ընտանիքները ղեկավար մարմիններ չեն հանդիսանում։
Սակայն, եթե անդրադառնանք թվերին, ապա Նարեկ Կարապետյանի պնդումը վերաբերում էր բացառապես ծախսերի համեմատությանը։ Այսպես՝ բաց աղբյուրների տվյալներով՝ Նարեկ Կարապետյանի կողմից նշված երկրների թագավորական ընտանիքների տարեկան ծախսերը կազմում են՝
- Իսպանիա՝ մոտ 8.4 մլն եվրո
- Շվեդիա՝ մոտ 8–9 մլն եվրո
- Բելգիա՝ մոտ 11.55 մլն եվրո
- Դանիա՝ մոտ 12–13 մլն եվրո
Հանրագումարը՝ 41,95 մլն եվրո կամ Հայաստանում գործող փոխարժեքով՝ 49 մլն ԱՄՆ դոլար։
Փաստերի ստուգման հարթակը սեփական ուսումնասիրության արդյունքում ներկայացրել է հետևյալ թվերը՝
- Իսպանիա - 8.43 միլիոն եվրո կամ 9.3 միլիոն ԱՄՆ դոլար,
- Շվեդիա - 99.1 միլիոն շվեդական կրոն կամ 9.8 միլիոն ԱՄՆ դոլար,
- Բելգիա - 14.9 միլիոն եվրո կամ շուրջ 16.4 միլիոն ԱՄՆ դոլար,
- Դանիա - 127.2 միլիոն դանիական կրոն կամ շուրջ 19 միլիոն ԱՄՆ դոլար։
Այս հաշվարկներով չորս թագավորական ընտանիքների ծախսերի համագումարը կազմում է շուրջ 53 մլն ԱՄՆ դոլար, ինչը մոտ 12 մլն ԱՄՆ դոլարով է պակաս ՀՀ վարչապետի աշխատակազմի նախատեսված ծախսերից։
Այսպիսով, անգամ Փաստերի ստուգման հարթակի ներկայացրած թվերը չեն հակասում Կարապետյանի հիմնական պնդմանը, որ նշված թագավորական ընտանիքների ծախսերի համագումարը չի գերազանցում ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեն։
Նարեկ Կարապետյանի տեսաուղերձի առանցքը ոչ այնքան համեմատությունն էր, որքան ծախսերի արդյունավետության հարցը։ Նա մասնավորապես օրինակներ է բերել, թե այդ 65 մլն դոլարով սոցիալ-տնտեսական ինչ սոցիալ-տնտեսական ծրագրեր է հնարավոր իրականացնել։
Ուշագրավ է, որ ո՛չ Արայիկ Հարությունյանը, ո՛չ Փաստերի ստուգման հարթակը սրան չեն անդրադարձել։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ ի տարբերություն գործող կառավարության՝ արդյունավետ կառավարությունը 65 մլն դոլարով կարող էր՝
- ամեն տարի մեկ շրջանում պետական ձեռնարկություններ ստեղծել՝ նպաստելով տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղեր ստեղծելով, որպեսզի լուծենք այս շրջանների գործազրկության հարցը:
- Ծայրահեղ աղքատության մեջ գտնվող 20,000 քաղաքացիներին ապահովել սննդով և հագուստով՝ լուծելով ծայրահեղ աղքատության հարցը երկրում:
- 100,000 ամենաանապահով թոշակառուներին տրամադրել քարտեր, որոնք իրավունք կտան 20-25,000 դրամի գնումներ կատարե; հայկական ապրանքնանիշերից։
Ի՞նչ կասեն Արայիկ Հարությունյանն ու փաստեր ստուգող հարթակները, կարո՞ղ էր անել կառավարությունը նման բան, թե՞ սա էլ կհամարեն սուտ ու մանիպուլատիվ։
Հարցը մնում է բաց՝ արդյոք կառավարությունը կարող էր իրականացնել նման ծրագրեր, թե այս հաշվարկները ևս կարժանանան «սուտ» կամ «մանիպուլյատիվ» որակմանը։
Գուցե այդ թագավորական ընտանիքներին դիմելու պարագայում այս խնդիրներն ավելի հե՞շտ լուծվեն։
Կարինե Մելքոնյան




























