Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհրդի (NEPLP) ղեկավար Իվարս Աբոլինշն առաջարկում է ութ տարվա ընթացքում երկրում դադարեցնել ռուսալեզու ռադիոհեռարձակումը, հայտնում է լատվիական ռադիոյի և հեռուստատեսության LSM պորտալը:

«Աբոլինշի խոսքով՝ հունվարի 14-ին նա առաջարկություն է ներկայացրել խորհրդարան, որն 8 տարվա ընթացքում ռուսալեզու ռադիոհեռարձակման փուլային դադարեցում է նախատեսում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Խորհրդի ղեկավարն առաջարկում է այլևս չերկարաձգել ռուսերենով հեռարձակվող ռադիոկայանների լիցենզիաները և սպասել դրանց գործողության ժամկետի ավարտին։ Ըստ նրա տվյալների՝ դրանցից վերջինի ժամկետը կլրանա 2034 թվականին։ Աբոլինշը կարծում է, որ սա ռուսալեզու ռադիոհեռարձակումից հրաժարվելու միակ ողջամիտ և իրավաբանորեն կոռեկտ ձևն է։

Նրա խոսքով՝ երկրի 40 ռադիոկայաններից 13-ը հեռարձակվում են ռուսերենով։

Հունվարի 1-ից մերձբալթյան հանրապետության իշխանություններն արգելք են մտցրել պետական լրատվամիջոցներում ռուսալեզու հեռուստա- և ռադիոհեռարձակման վրա, բարձրացրել են ռուսերենով պարբերականների և գրքերի վաճառքի ԱԱՀ-ն մինչև 21%, ինչպես նաև արգելում են դպրոցներում ռուսերենի՝ որպես երկրորդ օտար լեզվի ուսուցումը։ Լատվիան այսպիսով ստեղծում է միասնական տեղեկատվական տարածք, որի ողջ բովանդակությունը պետք է լինի միայն լատիշերեն կամ Եվրամիության լեզուներից մեկով։ Ռիգան սա բացատրում է ազգային անվտանգության նկատառումներով՝ աչք փակելով այն փաստի վրա, որ երկրի բնակիչների գրեթե 40%-ը խոսում է ռուսերեն։