Մոսկվայում հայտնաբերվել է Ռուսաստանի աշխատանքի նախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարի մարմինը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել։ Այս մասին TASS-ին հայտնել է օպերատիվ ծառայությունների աղբյուրը։ Գործակալության զրուցակիցը ճշտել է, որ Սկլյարին մահացած են գտել հունվարի 15-ի առավոտյան՝ Ֆիլիմոնկովսկոե բնակավայրի իր առանձնատանը։ «МК»-ի տվյալներով՝ նախկին պաշտոնյան մահից առաջ հրաժեշտի գրառում է թողել Telegram ալիքում, որտեղ հայտարարել է, թե «ամեն ինչում մեղավոր է» իր կինը։ «Մոսկվա» գործակալությունը հայտնել է, որ դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունների աշխատակիցները մարմնի կողքին ատրճանակ են գտել։
Սկլյարի այրին՝ Յուլիան, հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, քանի որ «գտնվում է ուժեղ հուզական ցնցման մեջ», գրում է Baza-ն։ Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները ալիքին հայտնել են, որ վերջին մի քանի տարիներին զույգը «կոնֆլիկտներ ու սկանդալներ է ունեցել խանդի հողի վրա»։ Սկլյարը 50 տարեկան է եղել։ Նա 2018-ից 2022 թվականներին զբաղեցրել է Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության փոխնախարարի պաշտոնը՝ համակարգելով տեղեկատվական համակարգերի աշխատանքի և պետական ծառայությունների էլեկտրոնային մատուցման հետ կապված հարցերը։ Վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ նրան աշխատանքից ազատելու մասին կարգադրության մեջ նշվել է, որ նա հեռացել է սեփական ցանկությամբ։




























