Գրենլանդիայում Դանիայի Միացյալ արկտիկական հրամանատարությունը կենտրոնացած է Ռուսաստանի հնարավոր գործողություններին հակազդելու, այլ ոչ թե ԱՄՆ-ի կողմից բխող ռազմական սպառնալիքներից պաշտպանվելու վրա։ Այս մասին Արկտիկական տարածաշրջանի նկատմամբ աճող ուշադրության ֆոնին Reuters-ին հայտնել է հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Սորեն Անդերսենը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է Գրենլանդիան կենսական նշանակություն ունեցող համարել ԱՄՆ անվտանգության համար և նույնիսկ չի բացառել ուժի կիրառումը՝ Դանիայի Թագավորության մաս կազմող այս ընդարձակ ինքնավար արկտիկական կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։
«Ես կենտրոնացած չեմ ԱՄՆ-ի վրա, ամենևին։ Ես կենտրոնացած եմ Ռուսաստանի վրա»,- գործակալությանը հայտարարել է գեներալ-մայոր Անդերսենը՝ գտնվելով Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում կայանված դանիական ռազմական նավի տախտակամածին։
Նա հերքել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև հնարավոր բախման մասին ենթադրությունները՝ նման սցենարն անվանելով «հիպոթետիկ»։
«Ես չեմ պատկերացնում, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցը հարձակվի ՆԱՏՕ-ի մեկ այլ դաշնակցի վրա»,- ասել է նա։
Խոսելով Դանիայի պաշտպանական ծրագրերի մասին՝ գեներալ-մայոր Անդերսենը հավելել է. «Մենք աշխատում ենք դրանց վրա, բայց մեզ համար դա սովորական աշխատանք է։ Իմ խնդիրն է աշխատել այստեղ՝ թագավորությունը ՆԱՏՕ-ի հետ միասին պաշտպանելու համար»։
Այս շաբաթ եվրոպական երկրները փոքրաքանակ զորախմբեր են ուղարկել Գրենլանդիա՝ ՆԱՏՕ-ի «Arctic Endurance» ռազմավարժանքներին նախապատրաստվելու շրջանակներում։ Արկտիկական հրամանատարությունը հրավիրել է ԱՄՆ-ին մասնակցել «Arctic Endurance» վարժանքներին, որոնք այս տարի անցկացվելու են ձմեռային պայմաններում։




























