Ֆիլիպինների իշխանությունները Ռուսաստան են արտաքսել բլոգեր Վիտալի Զդորովեցկուն։ Նա կղզեպետությունից հեռացել է հունվարի 17-ին, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը՝ հղում կատարելով տեղի իմիգրացիոն ծառայությանը։
Բլոգերին Ֆիլիպիններում ձերբակալել էին ապրիլին անցորդների վրա հարձակվելու եւ գողության մեղադրանքով։
«Նրան ուղարկել են Ռուսաստան Կալիբոյի չվերթով»,- ասել է ֆիլիպինյան իմիգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Դանա Սանդովալը։
33-ամյա Վիտալի Զդորովեցկին մինչ այդ ապրում էր ԱՄՆ-ում, նա գրին քարտ ունի։ Ֆիլիպիններում նրան մեղադրել են այն բանում, որ հարձակվել է պահապանի եւ տարեց կնոջ վրա, վիրավորել տեղի բնակչին, ինչպես նաեւ օդափոխիչ եւ եռանիվ հեծանիվ է գողացել։ Այս ամենը նա արել է սոցցանցերում հեռարձակման ժամանակ։
Ֆիլիպինների ներքին գործերի նախարար Խուանիտո Ռեմուլայի խոսքով՝ մեղադրվողը զղջացել է։
Վիտալի Զդորովեցկին YouTube-ալիք ունի՝ 10 մլն բաժանորդով։ Իր տեսանյութերում նա խաղ է խաղում անցորդների գլխին։ 2014թ. բլոգերը դաշտ է վազել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ Բրազիլիայում։ 2022թ. նույնն արել է Արգենտինայի եւ Նիդեռլանդների խաղի ժամանակ քառորդ եզրափակչում։





























