Եվրոպական միությունը ծրագրում է հակազդող մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ կամ սահմանափակել ամերիկյան ընկերությունների գործունեությունը իր տարածքում, եթե Վաշինգտոնը 10 տոկոսանոց մաքսատուրքեր ներդնի եվրոպական ութ երկրների դեմ՝ Գրենլանդիայի հարցում նրանց դիրքորոշման պատճառով: Այս մասին կիրակի երեկոյան հայտնել են Der Spiegel ամսագիրը և Reuters գործակալությունը՝ հղում անելով իրենց աղբյուրներին:

Ինչպես հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, առաջիկա օրերին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողով՝ ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներին Եվրոմիության միասնական պատասխանը մշակելու համար: Ըստ Reuters-ի տեղեկությունների՝ այդ գագաթնաժողովը նախատեսված է հունվարի 22-ին:

Ինչպես հաղորդում է ERR-ը, սցենարներից մեկը ենթադրում է, որ հակազդող մաքսատուրքեր են սահմանվելու վիսկիի, ինքնաթիռների պահեստամասերի, սոյայի, թռչնամսի և ամերիկյան այլ ապրանքների նկատմամբ, որոնց ընդհանուր չափը կկազմի 93 միլիարդ եվրո։ Դրանք կարող են ուժի մեջ մտնել ավտոմատ կերպով։

Ավելի վաղ հայտնի է դարձել նաև, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը չի հաստատվի Եվրոմիության օրենսդիրների կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո, որոնք վերաբերում էին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի դեմ 10 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանելուն։

Համաձայնագիրը նախատեսում էր ԵՄ ներմուծման վրա ԱՄՆ 15% սակագների սահմանում՝ ԵՄ-ի կողմից ԱՄՆ արտահանման վրա սակագների չեղարկման դիմաց։