Ճամփորդությունների մասին բրիտանական առաջատար Wanderlust ամսագիրը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել անպայման այցելել Հայաստան։

Մասնավորապես, Հայաստանը ներառվել է պարբերականի «Good to Go 2026» ցանկում, որը ներկայացնում է 2026 թվականի լավագույն ուղղությունների շարքը։

«2025 թվականի օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հույս է ներշնչում գրեթե քառասնամյա հակամարտության ավարտի վերաբերյալ»,- նշում է պարբերականը

Երկար ժամանակ անկայունությունը խոչընդոտում էր Հայաստանին՝ օգտագործել իր հարուստ մշակույթը, հիասքանչ ժառանգությունը և տպավորիչ բնապատկերները։ Այժմ, երբ մայրաքաղաք Երևանը պատրաստվում է 2026 թվականի հոկտեմբերին հյուրընկալել Կենսաբազմազանության հաջորդ համաժողովը (COP17), ուշադրությունը սևեռվելու է մի երկրի վրա, որտեղ զբոսաշրջությունն ի զորու է մարդկանց կյանքեր փոխել։

Սա խթան է հանդիսացել նոր ավիաչվերթների մեկնարկի և նոր հյուրանոցների բացման համար։ Մայրաքաղաքը ցուցադրում է իր եզակի ժառանգությունը այնպիսի թանգարաններում, ինչպիսիք են Մատենադարանը (ավելի քան 23,000 ձեռագրերի հսկայական պահոց) և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։

Երկրում կա մոտ 4000 վանք, որոնցից շատերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Հայաստանը գինեգործության հնագույն մշակույթի հայրենիքն է։ Վայոց Ձորի խաղողի այգիներով անցնող «Գինու ուղին» սկսվում է Արենի գյուղից, որտեղ կարելի է այցելել քարանձավային համալիր և տեսնել գինեգործության վերաբերյալ ավելի քան 6100 տարվա վկայություններ։