Հանրությունը չպետք է զայրանա պետական ​​պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումից։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա այդ որոշումն անվանել է «համարձակ քայլ»՝ այն հիմնավորելով նրանով, որ պաշտոնյաներին հաջողվել է 300 միլիարդով ավելի հարկ հավաքագրել, քան 2024 թվականին: Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ դրան հաջողվել է հասնել շնորհիվ այն բանի, որ պաշտոնյաները չեն զբաղվում բիզնեսով և չեն հովանավորում այն: «Տրված է տնտեսական գործունեության ազատություն, ինչի արդյունքում ստեղծվում են հարկեր: Այդ հարկերի մի մասը, այո՛, պետք է վճարվի աշխատավարձի տեսքով», - ընդգծել է նա:

Նրա համոզմամբ՝ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր զբաղված են լարված և սթրեսային աշխատանքով, չպետք է մտածեն ամենօրյա սոցիալական խնդիրների մասին, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա։ Նախարարն ասել է, որ այդ թեման ցավոտ է, հավելելով, որ դրանով կարելի է շահարկումներ անել, բայց թափանցիկությունն ու հաշվետվողականությունն այն քաղաքականությունն է, որը նրանք որդեգրել են։ Ընդգծելով, որ նույնիսկ ցավոտ շահարկումների գնով նրանք պետք է գնանք այդ ճանապարհով։ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ պաշտոնյաների աշխատավարձերի չափը վերջին 5-6 տարիներին չի փոխվել և մեկ-երկու տարի առաջ քննարկումներ են սկսվել՝ փոփոխությունների անհրաժեշտության լույսի ներքո։ «Այդ քննարկումների ժամանակ իմ դիրքորոշումն այն էր, որ նախարարների, փոխնախարարների կամ գերատեսչությունների ղեկավարների աշխատավարձերի ուղղակի բարձրացումն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ։ Ես գտա, որ պետք է ներդնել համակարգ, որը թույլ կտա սահմանել նպատակներ, գնահատել դրանք և ըստ այդմ բարձրացնել աշխատավարձերը, որպեսզի դրանք չաճեն բոլորի համար հավասարապես, այլ ելնելով կատարված աշխատանքի արդյունավետությունից։ Ես չեմ կարծում, որ սա պարգևավճար է, սա աշխատավարձերի բարձրացում է մի փոքր այլ եղանակներով», — պարզաբանել է Վահե Հովհաննիսյանը։

Համակարգի ներդրումը նա բացատրել է նաև պետական հատվածում որակյալ կադրեր ներգրավելու խնդրով, որոնք առավել բարձր աշխատավարձեր են ստանում մասնավոր հատվածում: