Դավոսում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է իր նախատեսած «Ոսկե գմբեթ» պաշտպանական համակարգի մասին և ասել, որ «իր բնույթով» այն կպաշտպանի նաև Կանադան, հաղորդում է NBC News-ը։
«Կանադան մեզանից շատ անվճար բաներ է ստանում։ Ի դեպ, նրանք նույնպես պետք է շնորհակալ լինեն, բայց այդպես չէ։ Ես երեկ հետևում էի ձեր վարչապետին։ Նա այնքան էլ շնորհակալ չէր։ Նրանք պետք է շնորհակալ լինեն մեզ՝ Կանադային։ Կանադան ապրում է Միացյալ Նահանգների շնորհիվ։ Հաջորդ անգամ հայտարարություններ անելիս նշեք դա», - ասել է նա։
Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ Կանադան պետք է ԱՄՆ-ի մաս դառնա, և նա մասնավոր կարգով մեծացրել է իր ուշադրությունը երկրի նկատմամբ, մի քանի օր առաջ հաղորդել է NBC News-ը։
Ըստ BBC News-ի՝ երեկ՝ հունվարի 20-ին, Դավոսում իր ելույթի ժամանակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ «հին կարգը չի վերադառնա» և մյուս միջին տերություններին միավորվելու կոչ է արել։
«Միջին տերությունները պետք է իրենց միահամուռ գործեն, քանի որ եթե մենք բանակցությունների սեղանի շուրջ չենք, ուրեմն ճաշացանկում ենք»,- երեքշաբթի ասել է Քարնին՝ հավելելով, որ իր կարծիքով հզոր երկրները տնտեսական հարկադրանք են կիրառում՝ իրենց ուզածին հասնելու համար։
Քարնին միաժամանակ վերահաստատել է Կանադայի աջակցությունը Գրենլանդիային, Դանիային և ՆԱՏՕ-ի դաշինքին, ինչը ներկաներն ընդունել են բուռն ծափահարություններով։
Քարնին չի նշել Դոնալդ Թրամփին անունը, սակայն նրա որոշ արտահայտություններ, կարծես, ուղղված էին ԱՄՆ նախագահին, որը սպառնացել էր մաքսատուրքեր սահմանել եվրոպացի դաշնակիցների և Մեծ Բրիտանիայի նկատմամբ, եթե Գրենլանդիան ԱՄՆ-ին չփոխանցվի։





























