Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Կառավարությունը մշակել է 2025թ. փոխառությունների տարեկան ծրագիրը, ըստ որի, բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ), գնահատվել է մոտ 675 մլն դոլար։

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ԱԶԲ միջոցներից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթացը։

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ համաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով (Ենթածրագիր - 3) սահմանված միջոցառումների և բարեփոխումների իրականացումը, որոնք արդեն իսկ կատարվել են:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

Համաձայնագրի նախագծով առաջարկվող վարկավորման պայմանները հետևյալն են՝

Վարկի գումար` 150 մլն ԱՄՆ դոլար,

Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,

Վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 0.5% մարժա + 0.1% (մարման հավելավճար):

Մարման հավելավճարը կախված է վարկի միջին ժամկետից, 0.1% դրույքաչափը կիրառվում է 9-13 տարի մարման միջին ժամկետ ունեցող վարկերի համար:

Հաշվի առնելով 17.12.2025թ. ձևավորված SOFR դրույքաչափը՝ 3.69%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազի 4.66%,

Պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ։

Վարկի ժամկետ՝ 15 տարի, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի։