Ախթալայի հանքի մոտ 50 հորատող բանվորներ արդեն մեկ շաբաթ է՝ գործադուլ են անում․ նրանք պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը։ Ախթալա համայնքի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ այս օրերին հանքի ղեկավարությունը բանակցություններ է վարում գործադուլ հայտարարած աշխատակիցների հետ, սակայն դեռևս ապարդյուն։

«Դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել, բայց բանակցությունները շարունակվում են, հուսանք, որ լավ կլինի։ Ղեկավարությունն իր առաջարկն է, անում, ասում է՝ կբարձրացնենք, բայց ավելի ուշ, աշխատակիցները սակայն այդ պայմանին համաձայն չեն։ Աշխատակիցներն ասում են, որ իրենց արած աշխատանքի դիմաց աշխատավարձը շատ ցածր է։ Շատ վտանգավոր է հորատողների աշխատանքը։ Այնսպես չի, որ ղեկավարությունը չի հասկանում ու չի ընդունում դա, բայց ասում են, այս պահին հնարավորություն չունենք։ Ասում են, որ երկար ժամանակ վնասով են աշխատել, հիմա պղնձի գինը բարձրացել է, փորձում են ոտքի կանգնել»,–նշեց վարչական ղեկավարը։

Սևակ Սարգսյանի խոսքով, բանակցությունների միջոցով փորձուն են այնպես անել, որ կոմբինատի աշխատանքը չպարալիզացվի։

«Հույս ունենք, որ շուտով խնդիրը կլուծվի և աշխատակիցները կդադարեցնեն գործադուլը»,–նշեց Սարգսյանը։