ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը լիարժեք հասանելիություն կունենա Գրենլանդիա՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո հայտարարված համաձայնագրի շրջանակում։

«Ըստ էության, դա լիարժեք հասանելիություն է,- Դավոսում (Շվեյցարիա) ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հաղորդավարուհի Մարիա Բարտիրոմոյին ասել է Թրամփը։ -Դա վերջ չունի, ժամանակային սահմանափակում չկա»։

«Մենք ոչինչ չենք վճարի։ Մենք լիարժեք հասանելիություն կունենանք Գրենլանդիա։ Մենք կունենանք ամբողջ ռազմական հասանելիությունը, որը կցանկանանք։ Մենք կկարողանանք Գրենլանդիայում տեղակայել այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, որովհետև այդպես ենք ուզում։ Մենք խոսում ենք ազգային և միջազգային անվտանգության մասին»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Գործարքի շուրջ բանակցությունները նախնական են, և պարզ չէ՝ ինչ է ենթադրում վերջնական համաձայնագիրը։ ԱՄՆ-ն արդեն իսկ ունի ռազմական բազա Գրենլանդիայում և ունի լայն հնարավորություններ նոր ռազմական օբյեկտներ հիմնելու կիսաինքնավար դանիական տարածքում։