Եվրամիության բարձրաստիճան օրենսդիրը հայտարարել է, որ խորհրդարանականները երկուշաբթի օրը կվերանայեն ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է եվրոպական երկրների նկատմամբ նոր սակագներ սահմանելու իր սպառնալիքից։

Նախօրեին Եվրախորհրդարանի առևտրային հանձնաժողովը Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի վարչակազմի սրվող հռետորաբանության ֆոնին կասեցրել էր առևտրային համաձայնագրի իրագործումը և հաստատումը։

Գործարքը կնվազեցնի երկու տարածաշրջաններում ներմուծողների և սպառողների համար սակագները։

«Գրենլանդիայի առաջարկվող համաձայնագրի մասին դեռևս գրեթե ոչինչ հայտնի չէ,- սոցիալական ցանցերում գրել է Եվրախորհրդարանի անդամ Բերնդ Լանգեն։ -Սակայն մեզ այն անհրաժեշտ է, որոշելու համար՝ ինչպես շարունակել ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի իրականացումը»։

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկը մեկնաբանել է լուրը Լանգեի հրապարակումից կարճ ժամանակ անց՝ գրելով, որ «մենք շարունակում ենք հանձնառու մնալ ԱՄՆ-ԵՄ առևտրային համաձայնագրի իրականացմանը և միշտ կգնահատենք մեր խոր կապերը Եվրոպայում մեր գործընկերների հետ», հաղորդում է NBC News-ը։

ԵՄ 27 երկրների առաջնորդներն այսօր կհավաքվեն Բրյուսելում՝ արտակարգ գագաթնաժողովի՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Թրամփի փորձերին առնչվող վերջին զարգացումները քննարկելու նպատակով։