Ուկրաինան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կանցկացնեն իրենց առաջին եռակողմ հանդիպումը տեխնիկական մակարդակով։ Այն տեղի կունենա առաջիկա օրերին Արաբական Միացյալ Էմիրություններում, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն։
Ուկրաինայի պետության առաջնորդը հիշեցրել է, որ այսօր՝ հունվարի 22-ին, ամերիկյան պատվիրակությունը կմեկնի Մոսկվա։ ԱՄՆ պաշտոնյաները նախքան Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մեկնելը սպասում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Զելենսկու հանդիպմանը։
«Եվ հիմա նրանք կմեկնեն, և իմ թիմը կհանդիպի ամերիկյան թիմի հետ, և կարծում եմ, որ դա կլինի առաջին եռակողմ հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրություններում, և կարծում եմ՝ դա կլինի վաղը և մյուս օրը։ Այո, դա կլինի երկօրյա հանդիպում Արաբական Միացյալ Էմիրություններում»,- նշել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ նա հույս ունի, որ Արաբական Միացյալ Էմիրություններում տեղյակ են այդ ծրագրերի մասին, քանի որ ամերիկյան կողմը երբեմն «անակնկալներ» է անում։ Ամեն դեպքում, բանակցային թիմերը կմեկնեն այնտեղ։
«Կարծում եմ՝ լավ կլինի, եթե այս եռակողմ հանդիպումը սկսվի տեխնիկական մակարդակով... Ռուսները պետք է պատրաստ լինեն փոխզիջման, քանի որ, գիտեք, բոլորը պետք է պատրաստ լինեն, ոչ միայն Ուկրաինան, և դա կարևոր է մեզ համար»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահնը ենթադրել է, որ ամերիկացի պաշտոնյաները կարող են հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում հունվարի 23-ի գիշերը կամ վաղը կեսօրից հետո։
«Գուցե նրանք (ռուսական կողմը -խմբ.) ստիպված լինեն փոքր-ինչ սպասեն հանդիպմանը։ Չգիտեմ։ Բայց վաղը և մյուս օրը մենք կունենանք եռակողմ հանդիպում. մեր տղաները կունենան եռակողմ հանդիպում։ Դա ավելի լավ է, քան ընդհանրապես երկխոսություն չունենալը», - նշել է Զելենսկին։
Ըստ նրա՝ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը ներկայում գտնվում են դժվարին իրավիճակում։ Մասնավորապես, շատ ուկրաինացիներ ռուսական հարվածների հետևանքով զրկված են էլեկտրաէներգիայից, սակայն ռուսները ևս հարվածներ են ստանում ի պատասխան իրենց հարձակումների։





























