ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում պաշտպանել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությանը (ICE), որի գործակալները երեկ Մինեսոտա նահանգում կրկին մարդ են սպանել։

ԱՄՆ նախագահը հրապարակել է զենքի լուսանկարը, որը, ըստ նրա, պատկանել է սպանվածին։

«Սա հանցագործի ատրճանակն է, լիցքավորված (երկու լրացուցիչ լիարժեք պահեստատուփով) և պատրաստ կրակելու։ Սա ի՞նչ է նշանակում։ Որտե՞ղ է տեղի ոստիկանությունը։ Ինչո՞ւ նրանց թույլ չտվեցին պաշտպանել ICE-ի աշխատակիցներին։ Քաղաքապետն ու նահանգապետը պատասխանատվության կանչե՞լ են նրանց», նշել է ԱՄՆ նախագահը։

Ինչպես ընդգծել է Թրամփը, պնդումներ կան, որ «շատ ոստիկանների թույլ չեն տվել կատարել իրենց աշխատանքը, ինչի հետևանքով ICE-ը ստիպված է եղել ինքնուրույն պաշտպանվել, ինչը հեշտ չէ»։

Նա իր գրառման մեջ հիշատակել է նաև Մինեսոտայից սոմալիական ծագմամբ կոնգրեսական Իլհան Օմարին, որի հաշվին, ըստ Թրամփի, կա 34 մլն դոլար։

«Իսկ որտե՞ղ են այն տասնյակ միլիարդավոր դոլարները, որոնք գողացվել են երբեմնի մեծ Մինեսոտա նահանգից։ Մենք հայտնվել ենք այս իրավիճակում լայնածավալ ֆինանսական մեքենայությունների պատճառով, որոնց հետևանքով միլիարդավոր դոլարներ են անհետացել, և անօրինական հանցագործների պատճառով, որոնք կարողացել են ներթափանցել նահանգ՝ շնորհիվ դեմոկրատների վարած բաց սահմանների քաղաքականության։ Մենք ուզում ենք վերադարձնել այդ գումարները, և վերադարձնել անմիջապես։

Այն խաբեբաները, որոնք գումարներ են գողացել, կուղարկվեն բանտ, որտեղ նրանց տեղն է։ Սա ոչնչով չի տարբերվում իսկապես խոշոր բանկի կողոպուտից։ Շատ բաներ, ինչ դուք տեսնում եք, պարզապես ՔՈՂԱՐԿՈՒՄ է այս գողության և խաբեության համար։ Քաղաքապետն ու նահանգապետը իրենց պաթոսային, վտանգավոր և ամբարտավան հռետորաբանությամբ դրդում են ապստամբության։ Փոխարենը այդ կեղծավոր քաղաքական հիմարները պետք է զբաղվեին այն միլիարդավոր դոլարների որոնմամբ, որոնք գողացվել են Մինեսոտայի և ԱՄՆ ժողովրդից։

ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ICE-Ի ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻՆ ԿԱՏԱՐԵԼ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ։ 12 000 անօրինական ներգաղթյալ-հանցագործներ, որոնցից շատերը հակված են բռնության, ձերբակալվել և դուրս են բերվել Մինեսոտայից։ Եթե նրանք դեռ այնտեղ լինեին, դուք կտեսնեիք շատ ավելի վատ բան, քան այն, ինչ տեսնում եք այսօր», գրել է Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինեսոտայի մայրաքաղաք Մինեապոլիսում երկրորդ մարդն է զոհվել դաշնային գործակալների ձեռքով։