Այս տարի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը նշում է իր հիմնադրման 17-ամյակը՝ ամփոփելով ֆինանսական ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված տարիների աշխատանքը և դրա չափելի արդյունքները։
Ձևավորվելով որպես անկախ և վստահելի հարթակ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև վեճերի արագ, արդյունավետ, արդար և անվճար արտադատական կարգավորման համար՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը իր գործունեության հիմքում մշտապես ունեցել է անկողմնակալության, թափանցիկության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքները՝ ապահովելով դիմումների օբյեկտիվ և օպերատիվ քննություն, ինչպես նաև սպառողների խնդիրների արագ և արդյունավետ լուծում՝ ֆինանսական շուկայի զարգացման միտումներին համահունչ մոտեցումների կիրառմամբ։
Շարունակական աշխատանքի շնորհիվ միայն 2025 թվականին Գրասենյակ է ներկայացվել 19,258 բողոք որոնցից 6,795-ը քննվել են սահմանված ընթացակարգերով։ Քննված գործերի 62,6 տոկոսը լուծվել է հօգուտ հաճախորդների, ընդ որում այդ գործերի 93,8 տոկոսը կարգավորվել է հաշտությամբ՝ առանց երկարատև գործընթացների, ինչը վկայում է տարիների ընթացքում ձևավորված կայուն և արդյունավետ գործելաոճի մասին։
Վերջին տարիներին Գրասենյակը ամրապնդել և ընդլայնել է համագործակցությունը միջազգային և տեղական գործընկերների հետ, իրականացրել է ֆինանսական իրազեկվածության բարձրացման միջոցառումներ Երևանում և մարզերում, ինչպես նաև ապահովել է աշխատակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը։
Շարունակական կատարելագործման ճանապարհին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու զարգացնել իր գործառույթները, արդյունավետորեն պաշտպանել ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքները և նպաստել հասարակության ու ֆինանսական համակարգի միջև վստահելի հարաբերությունների ձևավորմանը։




























