ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։

Նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից 2025 թ.-ի գործունեության առաջնահերթ ուղղությունները և ռազմավարական մոտեցումների առաջընթացը։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նախարարության թվայնացման օրակարգին, արդեն իսկ շահագործման հանձնված թվային պրոդուկտներին, ինչպես նաև թվայնացման ընթացքում գտնվող գործընթացներին։ Ներկայացվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակում իրականացված աշխատանքը։ Այս առումով վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի ճանապարհային քարտեզով է գործընթացն իրականացվում և այժմ որ փուլում են գտնվում։ «Մենք մեր առաջ պլան ենք դրել՝ գործողությունների ծրագիրը պետք է ապահովենք։ Ընդ որում՝ այն լիովին համահունչ է մեր ռազմավարական առաջնահերթություններին։ Այս պահի դրությամբ ունենք փաստաթուղթ, որ եթե անցնենք մեր նախարարությունների գործողություններով՝ կնկատենք, որ կամ պլանավորել են և արդեն ավարտում են, կամ պլանավորված է՝ արդեն ընթացքի մեջ է, կամ արդեն իսկ քննարկել ենք, լուծում ենք իդենտիֆիկացրել և պետք է իրականացվի»,– ընդգծել է Արփինե Սարգսյանը։     

Անդրադարձ է կատարվել կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտերի ենթակառուցվածքի ներդրման աշխատանքներին, մասնավորապես՝ պետություն–մասնավոր գործընկերության պայմանագրի կատարման ընթացքին, այդ թվում՝ մասնավոր գործընկերոջ աշխարհագրական ցանցի՝  տարածքային գրասենյակների ընտրության և շինարարական ընթացքին, գլխամասային գրասենյակի, փաստաթղթերի գեղարվեստական ձևավորման և անվտանգային բաղադրիչների հարցերին։ Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարարը նշել է, որ 22 գրասենյակներից 21–ը տեղորոշված են։ «Ըստ մեր ֆրանսիացի գործընկերների՝ ապահովվելու է, որ բնակիչները, որոնք օգտվելու են այս ծառայությունից, առավելագույնը 30 րոպեի ընթացքում հասանելիություն կունենան գրասենյակին»,– նշել է նախարարը։

Առանձին ուշադրության է արժանացել Միգրացիայի և քաղաքացիության ռազմավարական պլանը, որը բխում է ժողովրդագրության ռազմավարությունից, միաժամանակ՝ վիզաների գործողությունների ծրագրից։  Կարևորվել է քաղաքացիության բաղադրիչը, ինստիտուտի համալիր վերանայման հրամայականը։ Նշվել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներն ընդունվում են թվային տարբերակով։ «Հունվարի 1–ին ամբողջը թվային է։ Ողջ վերիֆիկացիոն պրոցեսներն իրականացվում են պլատֆորմով, այդ թվում՝ հերթերի կառավարման, վճարումների գործընթացները»,– նշել է նախարար Սարգսյանը։  

Բնակչության պետական ռեգիստրի փոխակերպումը ևս շեշտադրվել է։  Նշվել է, որ նպատակը մեկն է՝ միասնական, ունիվերսալ և ճշմարիտ շտեմարան ստեղծելն է, որի ցանկացած տվյալ ունենալու է իրավական ուժ, ժամանակային կնիք։ Տարբեր գերատեսչություններ այլևս չեն վարելու իրենց սեփական շտեմարանները, պետական մարմիններն այլևս չեն ուղղորդելու քաղաքացուն որևէ տեսակի տեղեկանք ներկայացնելու, հավելյալ տվյալ ներկայացնելու։ Քաղաքացին ունենալու է հասանելիություն սեփական տվյալներին, դրանք արտածելու հնարավորություն, ինչպես նաև տվյալը տնօրինելու, փոխելու հայտ ներկայացնելու ֆունկցիա։ Իսկ սահմանային էլեկտրոնային կառավարման շտեմարանի հետ համադրումն այն կվերածի միանգամայն ուժեղ, արդյունավետ միգրացիայի կառավարման գործիքի։

Արփինե Սարգսյանը շեշտադրել է քաղաքացիակենտրոն մոտեցումները՝ հաշվառումը մատուցող հանրային ծառայությունների համատեքստում։ Մասնավորապես, նա  ներկայացրել է վարորդական իրավունքի և տրանսպորտային միջոցների, դրանց հաշվառման գործընթացին փոխկապակցված գործընթացների թվայնացման աշխատանքները, շեշտադրել, որ վարորդական իրավունքն ու հաշվառման վկայագիրը թվայնացվել են և այլևս ֆիզիկապես փաստաթղթերը պահելու կարիք չկա, եթե վարելու իրավունքը վավեր է։ Ներկայացվել է car.mia.gov.am հարթակը, որը արժանացել է «Նորարարական նախագիծ» մրցանակին, որի միջոցով թվային հարթակներում կատարված գործարքների թիվը կազմել է մոտ 600։

Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարարը պարզաբանել է, որ յուրաքանչյուրը կարող է մուտք գործել իր օգտահաշիվ և տեսնել իր թվային վարորդական վկայականը։ «Հաշվառման վկայագրերը ևս թվայնացված են։ Եթե, օրինակ, պարեկը նախկինում տուգանում էր ֆիզիկական վարորդական վկայականի պլաստիկ քարտը չունենալու համար, այժմ որևէ վարչարարություն չի կատարվում․ստուգվում է՝ ունի՞ վարորդական իրավունք, թե՝ ոչ։ Վարորդական վկայականի ֆիզիկական տարբերակի կարիքն այլևս չունենք»,– ասել է Արփինե Սարգսյանը՝ ավելացնելով, որ ֆիզիկական տարբերակի կարիքն անձը կունենա միայն Հայաստանից դուրս գտնվելիս, ներպետական ընթացակարգերի համար թվային տարբերակը բավարար է։ 

Ներկայացվել է փետրվարին գործարկվելիք 112 օպերատիվ կառավարման կենտրոնի տրամաբանությունը՝ շեշտելով, որ նոր մոդուլը կմիավորի Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը (1-02) և Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը (9-11)՝ երկրորդ փուլով` 2027թ.-ի սկզբին շտապօգնության (1-03) կանչերի սպասարկումը միավորելու հեռանկարով։ Վարչապետը հետաքրքրվել է 84-22 հեռախոսահամարով գործող զանգերի կենտրոնի գործունեության վերաբերյալ, որին ի  պատասխան՝ նախարար Սարգսյանը նշել է, որ այն Միգրացիայի և քաղաքացիական ծառայության զանգերի կենտրոնն է։ «Աշխատակիցները համակարգով զանգը ստանում են, այն ամբողջությամբ հետագծելի է՝ երբ պատասխանեցինք, երբ հետադարձ կապ հաստատեցինք»,– նշել է նախարարը՝ ավելացնելով, որ այս նույն տրամաբանությունը պիլոտավորելու են Ոստիկանությունում և նախարարության հանրային ծառայությունների մյուս հատվածում։

Միաժամանակ, Արփինե Սարգսյանը նշել է, որ 102 և 911 ծառայություններն ամբողջությամբ թվայնացված են, մինչև փետրվարի 15–ը կամբողջացվի 112–ի ընդհանուր թվայնացման գործընթացը։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին նկատել է, որ ամբողջը միավորվելու է և դառնալու է մեկ Օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ էլ կայացվելու են որոշումները, թե որ ահազանգով որ ծառայությունը պետք է զբաղվի։