Նոյեմբերի 1-ին գործարկված Ոստիկանության գվարդիան, որը խաղաղ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքի արդյունավետ իրացման երաշխավորն է այլևս, առաջին անգամ առաջնորդվում է Ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգով։ Այս մասին նշվել է ՆԳՆ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ։
Միասնական ստանդարտների ներդրումը և համապատասխան մշակույթի ձևավորումը բարդ, սակայն անհրաժեշտ գործընթաց է որակվել։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման համար մշակվել են հատուկ դասընթացներ, որի շրջանակներում՝ ընդհանուր վերապատրաստվել է շուրջ 3000 ծառայող։ Գվարդիայի կազմում ձևավորվել են բանակցային խումբը և հատուկ մարտավարական գործողությունների կազմակերպման գունդ, որոնք հանդիսանում են փոխլրացնող և բարձր մասնագիտացված ստորաբաժանումներ՝ ուղղված հասարակական անվտանգության ապահովման ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքմանը՝ ճգնաժամային և բարձր ռիսկայնությամբ իրավիճակներում։
Նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ Ոստիկանության գվարդիայում նկատվում է նաև գործունեության դրական փոփոխություն։ «Այժմ ունենք Ոստիկանության գվարդիայի հետիոտն կարգախմբեր, որոնք շրջում են բակերում, տարբեր հրապարակներում, այգիներում, ունենք թմրամիջոցների, սառը զենքերի հայտնաբերման դեպքեր։ Ոստիկանության գվարդիան չպետք է իրեն ընկալի միայն հավաքների ժամանակահատվածում հասարակական կարգն ապահովող, նրանք Ոստիկանության ծառայող են և ցանկացած ազատ ժամանակահատվածում պետք է լծված լինեն ոստիկանի առջև դրված խնդիրների իրականացմանը։ Ունենք 146 դեպք, որոնք 2 ամսվա ընթացքում բացահայտվել են Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից»,– ամփոփել է ՆԳ նախարարը։





























