ԱՄՆ ներգաղթի ծառայության պաշտոնյաները դժգոհ են Մինեսոթայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ներքին անվտանգության նախարարության հռետորաբանությունից, որտեղ շաբաթ օրը անօրինական ներգաղթյալների դեմ ICE-ի իրականացրած շուրջկալի ժամանակ մի տղամարդ սպանվել է։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ միջադեպից հետո ներքին անվտանգության նախարարության պաշտոնյաները փորձել են մահացածին ներկայացնել որպես ահաբեկիչ՝ պնդելով, որ նա փորձում էր վնասել ներգաղթի եւ մաքսային ծառայության (ICE) աշխատակիցներին եւ «հրահրել կոտորած»։ Սակայն միջադեպի տեսանյութերը, որոնք ավելի ուշ հրապարակվել են, կասկածի տակ են դնում այս վարկածը։ Աղբյուրները նշել են, որ ներքին անհամաձայնությունները խաթարում են գերատեսչության հեղինակությունն ու վստահությունը նրա հանդեպ, շատ պաշտոնյաներ, որոնք զրուցել են եւ Fox News-ի հետ, նախարարության հռետորաբանությունը բնութագրել են որպես «նմուշ, թե ինչպես չպետք է հակաճգնաժամային հաղորդակցություն կառուցել»։

Ներգաղթի ծառայության պաշտոնյաները հեռուստաալիքին հայտնել են, որ Մինեսոթայի ճգնաժամի ֆոնին գերատեսչության ներսում ներքին անհամաձայնությունները սրվել են, եւ նախարար Քրիստի Նոեմի ագրեսիվ հռետորաբանությունը լայն քննադատության է ենթարկվում։ Նախարարությունը Fox News-ին հայտնել է, որ միջադեպը «իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ խիստ համակարգված բռնության արշավի» հետեւանք է։ «Այդ մարդը կատարել է դաշնային հանցագործություն՝ զինված լինելով եւ խոչընդոտելով իրավապահ մարմինների գործողություններին։ Ինչպես ցանկացած իրավիճակում, մենք ձգտում ենք ամերիկացի ժողովրդին տրամադրել տեղեկատվություն՝ անմիջապես եւ ճշգրիտ, հենց որ այն հասանելի է դառնումա»,- նշվել է գերատեսչության մեկնաբանությունում։