ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրողի ծոցն է ուղարկել հանրապետական սենատոր Թեդ Քրուզին, որը քննադատել է ներմուծման մաքսատուրքեր մտցնելու նրա քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով իր տրամադրության տակ հայտնված՝ հովանավորների հետ Քրուզի հանդիպման ձայնագրությունը։
Նրա տեղեկացմամբ՝ սենատորը պատմել է, որ 2025թ․ ապրիլին Թրամփի՝ մաքսատուրքեր մտցնելու որոշումից հետո նա եւ էլի մի քանի օրենսդիրներ փորձել են տարհամոզել նախագահին, բայց մինչեւ կեսգիշեր տեւած հեռախոսազրույցը «վատ է անցել», իսկ ԱՄՆ նախագահը «գոռում եւ հայհոյում էր»։
«Թրամփը վատ տրամադրության մեջ էր։ Իհարկե, եղել են նաեւ խոսակցություններ, երբ նա շատ գոհ է եղել, բայց սա դրանցից չէր»,- ասել է Քրուզը։ Սենատորը հավաստացրել է, որ եթե ԱՄՆ գործող վարչակազմի քաղաքականության արդյունքում քաղաքացիների կենսաթոշակային կուտակումները ընթացիկ տարվա նոյեմբերին կրճատվեն 30 տոկոսով, իսկ գները սուպերմարկետներում բարձրանան 10-20 տոկոսով, միջանկյալ ընտրությունների օրը ԱՄՆ-ին «արյունոտ բաղնիք» կսպասվի։ «Դուք տանուլ կտաք Ներկայացուցիչների պալատում, տանուլ կտաք Սենատում, եւ հաջորդ երկու տարիներին ամեն շաբաթ ձեզ իմփիչմենթ կներկայացվի»,- ավելացրել է օրենսդիրը։
Քրուզի խոսքով՝ Թրամփն ի պատասխան քննադատության՝ սենատորին գրողի ծոցն է ուղարկել։ «Գնա գրողի ծոցը, Թեդ»,- ԱՄՆ նախագահին մեջբերել է Քրուզը։





























