ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա վարչակազմն իբր շարունակում են դիտարկել Գրենլանդիան ռազմական ճանապարհով զավթելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ Միացյալ Նահանգների, Դանիայի եւ Գրենլանդիայի ներկայացուցիչների հանդիպումը կղզու մայրաքաղաք Նուուկում դեկտեմբերին անցել է դրական հունով, իսկ աղբյուրներն ընդգծել են, որ Գրենլանդիայի ֆինանսական եւ ռազմական բռնակցման հարցը բանակցությունների ընթացքում չի բարձրացվել։ Ընդ որում՝ Վաշինգտոնի հռետորաբանությունը փոխվել է դրանից մոտ երկու շաբաթ հետո, նշել է գործակալությունը։

Թրամփը դեկտեմբերի 21-ին Գրենլանդիայի գծով իր նոր հատուկ բանագնաց է նշանակել Ջեֆ Լենդրիին, որը սոցցանցերում գրել է, որ կղզին կդարձնի ԱՄՆ մաս։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահը եւ նրա վարչակազմի ներկայացուցիչները «կրկնապատկել են Գրենլանդիան ռազմական ճանապարհով զավթելու հնարավորության խաղադրույքը՝ քանիցս հայտարարելով այդ մասին հարցազրույցներում եւ սոցցանցերում, ընդծգել է Reuters-ը։

Ընդ որում, ինչպես տեղեկացրել են աղբյուրները, Վաշինգտոնն ավելի վաղ երբեք լրջորեն չի դիտարկել նման պլաններ։