ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հարցազրույցում հայտնել է, որ իր վարչակազմը պատրաստվում է մի փոքր նվազեցնել լարվածությունը Մինեսոթայում այն բանից հետո, երբ ներգաղթի դաշնային ծառայության աշխատակիցները երկրորդ անգամ ԱՄՆ քաղաքացի էին սպանել։

«Ընդհանուր առմամբ, դա սարսափելի էր, դրանք երկուսն էլ սարսափելի էին»,- ասել է նա։

Fox News հեռուստաալիքի հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ «մենք դուրս ենք բերել հազար մոլի հանցագործների նահանգից, ուստի նրանք հանցավորության լավ ցուցանիշներ ունեն»։

«Այդ ամենն աշխատում է, այժմ մենք Թոմ Հոման ունենք»,- ասել է նա։

Հունվարի սկզբին Ռենե Գուդը սպանվել էր ներգաղթի ծառայության աշխատակցի կողմից, որին հաջորդել էր Ալեքս Փրեթիի սպանությունը սահմանապահների կողմից անցած հանգստյան օրերին ձերբակալվելուց հետո: Փրեթիի մահը վերսկսեց բողոքի ցույցերը եւ հանրային դժգոհությունն ամբողջ երկրում եւ քննադատության արժանացավ երկու կուսակցությունների օրենսդիրների կողմից։

Երկուշաբթի ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հետ կանչեց Մինեսոթայի իր առաքելության ղեկավար, սահմանապահ ծառայության գործակալ Գրեգորի Բովինոյին: Ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ այս շաբաթ տարածք է ուղարկում Սպիտակ տան սահմանապահ ծառայության պետ Թոմ Հոմանին՝ տեղի պաշտոնյաների հետ հանդիպելու համար։

Երեքշաբթի Հոմանը սոցցանցերում գրառում է կատարել, որ հանդիպել է Մինեսոթայի նահանգապետ Թիմ Ուոլցի, Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյի եւ տեղի իրավապահ մարմինների պաշտոնյաների հետ: Երեքշաբթի երեկոյան Այովայում հանրահավաքից առաջ այլ լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել էր, որ վետերանների հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժեղբայր Փրեթիի սպանությունը համարում է «շատ ցավալի միջադեպ»:

Լրագրողների հարցին, թե արդյոք նա համաձայն է այն բանին, որ Փրեթիին անվանում են «ներքին ահաբեկիչ», Թրամփը պատասխանել է. «Ես այդ մասին չեմ լսել»։ Հետո ավելացրել է. «Նա չպետք է զենք ունենար»։

Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը նշել էր, որ Փրեթիին կրակել են բախման ժամանակ զենք «ճոճելու» համար, սակայն տեղի իշխանությունները պնդել են, որ զենքը պաշտոնապես գրանցված է եղել, եւ որ Փրեթիին կրակել են զենքի առգրավումից հետո։

«Նա այնտեղ չէր խաղաղ բողոքի ցույց անելու համար, նա այնտեղ էր բռնությունը շարունակելու համար»,- ասել է Նոեմը կրակոցից անմիջապես հետո՝ մեղադրելով Փրեթիին «ներքին ահաբեկչության» մեջ։

Ներքին անվտանգության նախարարությունը նույնպես պնդել է, որ գործակալները կրակել են ինքնապաշտպանության նպատակով, այն բանից հետո, երբ Փրեթին դիմադրել է իրեն զինաթափելու փորձերին։

Սակայն ականատեսները եւ տեղի պաշտոնյաները հերքել են այդ վարկածը՝ պնդելով, որ նա ձեռքում հեռախոս է պահել, այլ ոչ թե զենք։

Փրեթիի մահը, որը տեղի է ունեցել 37-ամյա Ռենե Գուդի սպանվելուց երկու շաբաթ հետո, զայրացրել է տեղի բնակիչներին եւ հանգեցրել Թրամփի վարչակազմին ուղղված նահանգային եւ քաղաքային պաշտոնյաների նոր կոչերին՝ տարածաշրջանից իր 3 000 ներգաղթային գործակալներին եւ սպաներին հետ կանչելու վերաբերյալ։