Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը երեքշաբթի հայտնել է, որ իր կառավարությունը համենայն դեպս ժամանակավորապես դադարեցրել է նավթի մատակարարումները Կուբա, տեղեկացրել է Associated Press-ը։
Նա միաժամանակ նշել է, որ դադարեցումը պայմանավորված է նավթի մատակարարումների ընդհանուր տատանումներով, եւ որ դա «ինքնիշխան որոշում» է, որը չի կայացվել Միացյալ Նահանգների ճնշման տակ։
Շեյնբաումն այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Pemex պետական նավթային ընկերությունը դադարեցրել է նավթի մատակարարումները Կուբա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման պատճառով, որը պահանջում է, որ Մեքսիկան հեռավորություն պահպանի Կուբայի կառավարությունից, չնայած ԱՄՆ պաշտոնատար անձինք հրապարակայնորեն չեն խնդրել Մեքսիկային դադարեցնել նավթի մատակարարումները։
«Pemex-ը որոշումներ է կայացնում Կուբայի հետ իր պայմանագրային հարաբերությունների շրջանակում»,- ասել է Շեյնբաումը լրագրողներին առավոտյան ճեպազրույցում։ «Դադարեցումը ինքնիշխան որոշում է եւ կայացվում է անհրաժեշտության դեպքում»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Կուբայի կառավարությունը պատրաստ է անկման, եւ որ կղզին այլեւս չի ստանա նավթի մատակարարումներ Վենեսուելայից՝ ԱՄՆ ռազմական գործողության արդյունքում Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնելուց հետո։





























