ԱՄՆ հանրապետական սենատորներ Թոմ Թիլիսը եւ Լիզա Մուրկովսկին կոչ են արել ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին հրաժարական տալ՝ դառնալով Կոնգրեսի առաջին հանրապետականները, որոնք հայտարարել են, որ նա պետք է հրաժարական տա, հաղորդել է NBC News-ը։
Հարցին, թե արդյոք վստահում է Նոեմին, հանրապետական Թիլիսը Կապիտոլիումի բլրի վրա լրագրողներին պատասխանել է. «Ոչ, բնավ ոչ։ Կարծում եմ՝ նա պետք է հեռանա»։
Թիլիսը, որը չի պատրաստվում առաջադրվել Կոնգրեսում երկրորդ ժամկետի համար, ասել է, որ Նոեմի որոշ գործողություններ արտացոլում են «մենեջերի օգնականի դիլետանտական մտածելակերպը»՝ դրանք անվանելով «անընդունելի» նախարարների կաբինետի մակարդակի պաշտոն զբաղեցնող անձի համար։
«Եթե ես նրա տեղում լինեի, չէի կարողանա գտնել որեւէ բան, որով կարող էի հպարտանալ վերջին մեկ տարվա ընթացքում»,- ասել է նա։
Ալյասկայից հանրապետական Մուրկովսկին, որի ժամկետն ավարտվում է 2029թ․ հունվարին, ասել է, որ Նոեմը չպետք է ղեկավարի ներքին անվտանգության նախարարությունը։
«Այո, նա պետք է հեռանա»,- ասել է Մուրկովսկին NBC News-ի հարցազրույցում։
Թիլիսը եւ Մուրկովսկին այս հայտարարություններն արել են Մինեապոլիսում դաշնային սպաների կողմից բուժեղբայր Ալեքս Փրեթիի սպանությունից մի քանի օր անց, որտեղ ներգաղթի աշխատակիցը սպանել է նաեւ Ռենե Գուդին այս ամիս։
Ներքին անվտանգության նախարարը երկու դեպքում էլ պաշտպանել է ներգաղթի գործակալներին՝ նույնիսկ մեղադրելով Փրեթիին «ներքին ահաբեկչության» մեջ։





























