Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վրդովվել է Politico-ի հոդվածից, որում, ըստ լրատվամիջոցների, եվրոպական աղբյուրները պնդել էին, որ Ֆիցոն ԵՄ առաջնորդներին ասել է, թե «շոկի մեջ է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգեվիճակից։

«Ես վճռականորեն մերժում եմ ատելի, բրյուսելամետ լիբերալ Politico պորտալի ստերը։ Սա տխուր հայացք է քաղաքականության եւ լրատվամիջոցների լիբերալ եւ առաջադեմ աշխարհի հանդեպ։ Քրեական օրենսդրության չարաշահումը՝ հակառակորդներին ոչնչացնելու համար, բազմազան կարծիքների մերժումը, լրատվամիջոցների անսահման ստերը եւ Սլովակիայում ու ԱՄՆ-ում քաղաքական առաջնորդներին սպանելու փորձերը։ Հենց երեկ ես ստիպված էի հերքել Հունգարիայի նոր լիբերալ, բրյուսելամետ աստղ Պետեր Մադյարի ստերը։ 24 ժամից էլ պակաս ժամանակում ես պետք է վճռականորեն հերքեմ POLITICO-ի ստերն այն մասին, թե ինչպես եմ գնահատել Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իմ հանդիպումը։ «Ոչ ոք ոչինչ չի լսել, ոչ ոք ոչինչ չի տեսել, վկաներ չկան, բայց ոչինչ չի խանգարել POLITICO-ին ստեր հրապարակել»,- գրել է Ֆիցոն Х սոցցանցում։

Նրա խոսքով՝ հայտնի է, որ ինքը այս պորտալի «ֆավորիտներից» է, «որտեղ ինքնիշխանությունը, ազգային շահերի համար պայքարը եւ սեփական կարծիքը համարվում են հանցագործություններ»։

Ավելի վաղ Politico-ն, հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Ֆիցոն անցյալ շաբաթ կայացած գագաթաժողովում ԵՄ առաջնորդներին ասել էր, որ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը ցնցել է իրեն նախագահի հոգեվիճակի հետ կապված, պորտալին տեղեկացրել են զրույցին ծանոթ հինգ եվրոպացի դիվանագետներ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Ֆիցոն օգտագործել է «վտանգավոր» բառը՝ նկարագրելու համար ԱՄՆ նախագահի վարքագիծը հունվարի 17-ին Թրամփի Մար-ա-Լագո կալվածքում (Ֆլորիդա) տեղի ունեցած նրանց անձնական հանդիպման ժամանակ։ Politico-ի տվյալներով՝ Ֆիցոյի եւ նրա եվրոպացի գործընկերների միջեւ զրույցը տեղի է ունեցել Բրյուսելում հունվարի 22-ին՝ Գրենլանդիան բռնագրավելու Թրամփի սպառնալիքներից հետո տրանսատլանտյան հարաբերությունները քննարկելու համար կազմակերպված ԵՄ արտակարգ գագաթաժողովի շրջանակում։

Սպիտակ տունն արձագանքել է այս տեղեկատվությանը՝ այն անվանելով ֆեյք։