Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Հունգարիայի դեսպան Անտալ Գեյզերին եւ բողոքել նրա երկրի վերջին հայտարարությունների դեմ՝ կապված Ուկրաինայի կողմից Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին միջամտելու հետ, հաղորդել է «Европейская правда»-ն՝ հղում կատարելով նախարարության հայտարարությանը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ավելի վաղ՝ հունվարի 27-ին, Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանին՝ կապված այն մեղադրանքների հետ, թե Կիեւը փորձում է ազդել երկրի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա՝ հօգուտ ընդդիմադիր «Տիսա» կուսակցության։

Հունգարիայի քայլին ի պատասխան՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես կանչել է դեսպանին։

Հունգարացի դիվանագետին հայտնել են, որ Ուկրաինան կտրականապես դեմ է այն բանին, որ Հունգարիան փորձում է ներկայացնել, թե Ուկրաինան ներքաշված է հունգարական ընտրարշավում, ինչը ակնհայտորեն վնասակար է երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նաեւ կոչ է արել Հունգարիային «դադարեցնել ագրեսիվ հակաուկրաինական հռետորաբանությունը՝ երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների համար բացասական հետեւանքներից խուսափելու համար»։

Առանձին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ Ուկրաինան, իր հերթին, պատրաստ է զարգացնել կառուցողական համագործակցություն Հունգարիայի հետ։

Այս առումով, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կրկին ընդգծել է Ուկրաինայի՝ Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրել էր Ուկրաինային երկրի խորհրդարանական ընտրություններին միջամտելու փորձի մեջ։

Իսկ այսօր Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, պատասխանելով ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ հարցազրույցին, հայտնել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ, քանի դեռ Բուդապեշտում իրենք են իշխանությունում։