Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վարկանիշը զգալիորեն բարձրացել է այն բանից հետո, երբ նա պաշտպանել է իր երկրի ինքնիշխանությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան միացնելու սպառնալիքներից, գրել է Politico պարբերականը։
«Ֆրեդերիկսենի կուսակցության վարկանիշը կտրուկ աճել է հունվարին՝ անցյալ տարվա ահավոր տեղական ընտրությունների արդյունքներից ընդամենը մի քանի ամիս անց, Գրենլանդիան միացնելու Թրամփի ագրեսիվ սպառնալիքներից Դանիայի ինքնիշխանության վճռական պաշտպանության ֆոնին»,- գրել է պարբերականը։
Լոնդոնի թագավորական քոլեջի եւ Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Էնն Ռասմուսենը պարբերականին ասել է, որ վարկանիշի աճի համար Թրամփի հարձակումներից Ֆրեդերիկսենի հաջող պաշտպանությունից բացի այլ բացատրություն չկա։ Նա նշել է, որ վերջին անգամ Դանիան իր կառավարության հետ նման համերաշխություն ունեցել է COVID-19 համավարակի ժամանակ, քանի որ ազգային ճգնաժամերը նպաստավոր են գործող իշխանությունների համար։
Politico-ն նշել է, որ այս իրավիճակը բնորոշ է ոչ միայն Դանիային. «Կանադայից մինչեւ Ավստրալիա ընտրություններում Թրամփի նկատմամբ ընդդիմությունը դարձել է հզոր խթան ընտրողների համար, քանի որ ազգային ինքնիշխանության եւ լիբերալ ժողովրդավարության պաշտպաններ դիրքավորվող առաջնորդները պարգեւատրվում են ԱՄՆ նախագահին դեմ դուրս գալու ցանկություն ունեցող ընտրողների կողմից»։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մասն է։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս: Դանիայի եւ Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին զգուշացրել են կղզու բռնագրավման հարցում՝ նշելով, որ ակնկալում են հարգանք իրենց տարածքային ամբողջականության հանդեպ:





























