Հայաստանի Հնարապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ Ռուսաստանը չի մասնակցի TRIPP նախագծին։ Այս մասին նա հայտնել է այսօր՝ հունվարի 29-ի մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունները՝ կապված նախագծին Ռուսաստանի մասնակցության հետ։
«Ո՞վ ասաց, որ Ռուսաստանը կմասնակցի TRIPP նախագծին։ Ընդհակառակը, Միացյալ Նահանգները կանի ամեն ինչ, որպեսզի Իրանի հետ լավ հարաբերություններ ունեցող ոչ մի երկիր չմասնակցի այդ նախագծին։ Անձամբ ես այդպիսի տպավորություն ունեմ, եւ հենց այդ պատճառով էլ կասկածում եմ նախագծի իրական նպատակներին»,- հայտնել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահը խոստովանել է, որ «երկու ձեռքով» կողջունի TRIPP նախագիծը, եթե դրան միանա կամ Ռուսաստանը, կամ Չինաստանը։ Սա կթեթեւացնի Իրանի մտահոգությունները նախագծի վերաբերյալ, բայց այսօր նման բան տեղի չի ունենում։ «Ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Չգիտեմ, թե ինչու է Կոնստանտին Զատուլինն արել այդ հայտարարությունը, բայց անձամբ ես որեւէ տեղեկություն չունեմ եւ չեմ տեսնում որեւէ պատճառ ենթադրելու, որ Հայաստանը փորձում է Ռուսաստանին որեւէ կերպ ներգրավել այդ նախագծում»,- հայտնել է նա։
Հիշեցնենք, որ Կոնստանտին Զատուլինը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Ռուսաստանին ներքաշել TRIPP նախագծի մեջ («Թրամփի երթուղի» Մեղրիով)՝ քննադատությունն իրենից շեղելու եւ «սլաքները Մոսկվայի դեմ ուղղելու» համար։





























