2024–ին ԵՄ–ի մասնաբաժինը մեր արտահանման մեջ 4.7% էր, 2025–ին արդեն բարձրացել է 7.9%-ի, գրեթե կրկնապատկվել է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այստեղ երկու հանգամանք է նշանակություն ունեցել, մեկը այն է, որ ԵՄ արտահանումը ավելացել է։ Այն, որ ԵՄ արտահանումը նախորդ տարիներին եղել է, ասենք, 15-20%, հետո դարձել է, ենթադրենք, 8%, դա այն պատճառով չի, որ ԵՄ արտահանումը կրճատվել է։ Պատճառն այն է, որ մյուս ուղղություններով, օրինակ ոսկու, ադամանդի, պլատինի, կամ հեռուստացույցի ու սմարթֆոն ժամացույցի վերաարտահանումն է եղել, որոնք  նախկինում չեն եղել։ Մենք, օրինակ, արգելել ենք, որ սմարթֆոն ժամացույցի վերաարտահանում տեղի ունենա, որովհետև եվրոպական գործընկերները դրա մասին մեզ խնդրել են։

Տնտեսության զարգացման ամենալավ ցուցանիշներից մեկը գրանցված աշխատատեղերի թիվն է։ Վերջին տարիներին անընդհատ ասում էին՝ դե չգրանցված աշխատողները գալիս են, գրանցվում են, բայց դա չափ ունի։ Դա կարող է լինի 10000, 20000, 100000, բայց այդ ամեն ինչը չափ ունի։ Ամենամեծ չափի ցուցիչը հետևյալն է: 6%-ով աճել է աշխատավարձը, 6%-ով աշխատատեղերը, 6%-ով տնտեսությունը: Այ եթե լիներ խիստ անհամաչափություն, օրինակ, 26%-ով աճեր աշխատատեղերը, բայց տնտեսությունը աճեր 6%-ով, աշխատավարձն էլ աճեր 6%-ով, ես կասեի, որ թաքնված աշխատատեղերը եկել գրանցվում են: Եթե այդ համաչափությունը պահպանվում է, նշանակում է, մենք արդեն եկել ենք նրան, որ այդ չգրանցվածը դեռ կա, բայց դրա պոտենցիալը արդեն շատ քիչ է։ Նոր արձանագրվող աշխատատեղերի մեջ իրականում հենց այն աշխատատեղերն են, որոնք իրապես նոր են ստեղծվում»,– ընդգծեց Պապոյանը։