«Ներկայումս „դատապարտյալների հիվանդանոցում“ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի առողջական վիճակը բավարար է»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Արդարադատության նախարարին նամակով առաջարկել էր քննարկել նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատակահարմարության հարցը: Պաշտպանն իր նամակում նշել էր, որ Սասուն Միքայելյանը հայտնել է, որ ծայրաստիճան վատառողջ վիճակում է, եւ իրեն ցուցաբերվող բուժօգնությունը որեւէ դրական արդյունք չի տալիս՝ անհրաժեշտ բուժսարքավորումների եւ համապատասխան մասնագետների բացակայության պատճառով:
Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց հետեւյալը. «Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի Արդարադատության նախարարին ուղղած գրության կապակցությամբ՝ նախարարի համապատասխան հանձնարարությամբ բժշկական հանձնաժողովը ուսումնասիրել է խնդիրը եւ տվել եզրակացություն, ըստ որի՝ Սասուն Միքայելյանը այլ բժշկական հաստատություն տեղափոխվելու կարիք չունի, այսինք „դատապարտյալների հիվանդանոցում“ պատշաճ կարգով բուժում իրականացվում է»:
Դիտարկմանը, թե Արմեն Հարությունյանն իր գրությամբ այլ բանի մասին է փաստում, Ա. Բաբայանն ասաց, որ Պաշտպանը հղում է անում Սասուն Միքայելյանի վրա, այսինքն նա գրել է, որ այդ մասին իրեն հայտնել է Սասուն Միքայելյանը, որ թե ինքն է նման բան հայտարարում:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը «Երեւան-Կենտրոն» ՔՀԿ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել սեպտեմբերի 12-ին: Նա դժգոհել է սրտի աշխատանքից, բարձր ճնշումից, ինչպես նաեւ զգացնել են տվել պատերազմի ժամանակ Միքայելյանի մարմնում հայտնված մեկ տասնյակից ավել բեկորները: Սասուն Միքայելյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման` մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Համաներումը նրա նկատմամբ չի կիրառվել:




























