Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն նոյեմբերի 24-ի նիստի ժամանակ ընդունել է ընկերության ղեկավարի պաշտոնը թողնելու մասին Վիտալի Մուտկոյի դիմումը, հայտնում է REGNUM գործակալությունը։ Այս կերպ ՌԴ սպորտի նախարար Մուտկոն կատարում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ ամիսներ առաջ տված հանձնարարությունը, որի համաձայն պետական չինովնիկները պետք է ազատեն սպորտի ֆեդերացիաների ղեկավարների պաշտոնները։
«Ինչպես դուք գիտեք, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը որոշում է ընդունել, որով նախարարները չպետք է ֆեդերացիաներ ղեկավարեն,- ասել է Մուտկոն,- Այսօր գործադիր կոմիտեն վերանայել է իմ հայտարարությունը եւ բավարարել այն։ Այսպիսով, ես վայր եմ դնում ՌՖՄ-ի նախագահի իմ պաշտոնը»։
Միության նոր նախագահի ընտրության համար 2010թ, փետրվարի 3-ին Ռուսաստանի ֆուտբոլային միությունն արտահերթ նիստ կանցկացնի։ Իսկ մինչ այդ, նախագահի պաշտոնը կկատարի փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը։
Նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն «Զենիթի» նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն է։ Պաշտոնին հավակնում է նաեւ ֆուտբոլի ազգային ակադեմիայի ղեկավար Սերգեյ Կապկովը։ ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները հայտարարել է, որ ՌՖՄ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրելու։



























