Վերջին օրերին միջազգային մամուլում քննարկման առարկա է դարձել այն տեղեկատվությունը, ըստ որի՝ «ԴԱՎԱՐՈ» ընկերության կողմից ստեղծված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համակարգերի հիմքում դրված են այլ արտադրողների կողմից տրամադրված տեխնոլոգիաներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Դավարո» ընկերությունը։
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հրապարակված վերլուծությունները կատարված են ոչ ճշգրիտ և իրական բնութագրերին չհամապատասխանող տվյալների հիման վրա։

«ԴԱՎԱՐՈ» ընկերությունը իր արտադրանքների մշակումներն իրականացնում է բացառապես սեփական տեխնոլոգիական լուծումների հիման վրա՝ հենվելով հայկական ինժեներական ներուժի, կուտակած փորձի և գիտատեխնիկական կարողությունների վրա։

Ընկերության կողմից մշակված համակարգերը բնութագրվում են բարձր տեխնոլոգիական լուծումներով, կատարելագործված կառուցվածքով և բարձր արդյունավետությամբ։ Դրանք չեն զիջում, իսկ մի շարք ցուցանիշներով գերազանցում են հրապարակումներում նշված համակարգերին՝ ինչպես որակական, այնպես էլ գործառութային հնարավորությունների առումով։

Ընկերությունում շարունակաբար իրականացվում են՝

• տեխնոլոգիական արդիականացման ծրագրեր,

• հետազոտական և զարգացման աշխատանքներ,

• արտադրական հզորությունների ընդլայնում և մասշտաբավորում։

Հարկ ենք համարում նշել, որ անօդաչու թռչող սարքերի կոնցեպտների կամ կառուցվածքային սխեմաների որոշակի նմանությունները չեն կարող դիտարկվել որպես նմանակում կամ կրկնօրինակում։ Ավիացիոն և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համընդհանուր ինժեներական մոտեցումներ և աէրոդինամիկական լուծումներ, որոնք միջազգային պրակտիկայում ընդունված են որպես արդյունավետ կառուցվածքային սկզբունքներ։

«ԴԱՎԱՐՈ» ընկերության ռազմավարական նպատակներն ուղղված են բացառապես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և ազգային անվտանգային համակարգի տեխնոլոգիական մակարդակի բարձրացմանը, պաշտպանունակության ամրապնդմանը և տեղական ռազմարդյունաբերական ներուժի զարգացմանը։