2026 ֆինանսական տարում, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը չնչին չափով կաճի և կկազմի 1,853 տրիլիոն դոլար կամ ՀՆԱ-ի 5,8%-ը։ Կանխատեսում է Կոնգրեսի բյուջետային վարչությունը (CBO):

2025 ֆինանսական տարվա արդյունքներով բացասական սալդոն նվազել էր 2,3%-ով՝ հասնելով 1,775 տրիլիոն դոլարի (դարձյալ ՀՆԱ-ի 5,8%-ը):

CBO-ն ակնկալում է, որ դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ին առաջիկա տասը տարիների ընթացքում միջինում կլինի 6,1% մակարդակում և 2036 ֆինանսական տարում կհասնի 6,7%-ի:

ԱՄՆ պետական պարտքը 2036 ֆինանսական տարում կհասնի 56,152 տրիլիոն դոլարի (ՀՆԱ-ի 120%-ը)՝ նախորդ ֆինանսական տարվա 30,172 տրիլիոն դոլարի (ՀՆԱ-ի 99%-ը) համեմատ: Ընդ որում, 2030 թվականին պարտքի ծավալը կբարձրանա մինչև ՀՆԱ-ի 108%-ը և կգերազանցի նախորդ ռեկորդը՝ 106%-ը, որը գրանցվել էր 1946 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:

2020 ֆինանսական տարվա արդյունքներով՝ ԱՄՆ պետբյուջեի ռեկորդային դեֆիցիտը գրանցվել է 3,1 տրիլիոն դոլար: Բյուջեն վերջին անգամ հավելուրդով փակվել է միայն 2001 ֆինանսական տարում:

Ըստ վարչության փորձագետների կանխատեսման՝ ԱՄՆ տնտեսությունը 2026 օրացուցային տարում կաճի 2,2%-ով, իսկ հաջորդ տասը տարիների ընթացքում տարեկան աճը կկազմի մոտ 1,8%:

ՀՆԱ-ի աճը 2035 թվականին կանխատեսվում է 1,8% մակարդակում, 2045 թվականին՝ 1,5%, իսկ 2055 թվականին՝ 1,4%:

Գնաճը (PCE ինդեքսը) այս տարի ակնկալվում է 2,7% մակարդակում, 2027 թվականին՝ 2,3%, 2028 և 2029 թվականներին՝ 2,1%: Այնուհետև այն կիջնի մինչև Դաշնային պահուստային համակարգի (FED) թիրախային մակարդակը՝ 2% և կմնա այդ ցուցանիշի վրա մինչև դիտարկվող ժամանակահատվածի վերջը։

Տասնամյա պետական պարտատոմսերի տոկոսադրույքները 2026 թվականին միջինում կկազմեն 4,1%, 2027-2030 թվականներին՝ 4,3%, իսկ այնուհետև կբարձրանան մինչև 4,4%։