ԱՄՆ-ը Վենեսուելայից 50 մլն բարել նավթ է ստացել, որը կհասցվի Հյուսթոն (Տեխասի նահանգ)։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր կողմնակիցների առջեւ Ջորջիայի նահանգի պողպատաձուլական ձեռնարկությունում ունեցած ելույթում։

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք Վենեսուելայի հետ։ Մենք օգնում ենք նրան նավթի հարցում, նրանք շատ նավթ ունեն։ Մենք եւս, բայց մենք նրանց շատ ենք օգնում։ Մենք ստացել ենք 50 մլն բարել նավթ, այն հենց հիմա տանում են Հյուսթոն հսկա նավերը»,- հայտնել է Թրամփը։

Հունվարի 3-ին Վաշինգտոնը տեղեկացրեց Կարակասում ռազմական գործողություն իրականացնելու մասին, որի արդյունքում ամերիկացի զինվորականներն առեւանգեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը։ Հունվարի 5-ին նրանք կանգնեցին Նյու Յորքի նահանգի Հարավային օկրուգի դաշնային դատարանի առջեւ։ Նրանց վերագրվեց հանցակցություն թմրավաճառքի մեջ։ Մադուրոն եւ նրա կինը մեղքը չեն ընդունել։ Վենեսուելայում պետության ղեկավարի գործառույթները կատարում է Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք գործադիր փոխնախագահն էր։ ԱՄՆ վարչակազմը պնդում էր, որ Վենեսուելայի ժամանակավոր կառավարումը ստանձնելու է Միացյալ Նահանգները։

Հունվարի 6-ին Թրամփը հայտնել է, որ հանրապետության իշխանությունները համաձայնել են ԱՄՆ-ին տալ 30-50 մլն բարել նավթ վաճառքի համար, իսկ այդ տրանզակցիայի եկամուտները վերահսկելու է ինքը։ Վարչակազմի ղեկավարն ընդգծել էր, որ Վենեսուելան կգնի միայն ԱՄՆ արտադրանքն այն միջոցներով, որոնք հանրապետությունը կստանա իր նավթի վաճառքի գործարքից։