Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն շահագրգռված է նավթի տարանցման համար Հորմուզի նեղուցի վերաբացմամբ։

«Մեր [ԵՄ] շահերից է բխում Հորմուզի նեղուցը բաց պահելը, ուստի մենք նաև քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել այդ ուղղությամբ եվրոպական կողմից», — Reuters գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը։

Ավելի վաղ Axios պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով միջազգային կոալիցիա ստեղծելու ուղղությամբ, ինչի մասին կարող է հայտարարվել արդեն այս շաբաթ։

Եվրոպական ժամանակով երկուշաբթի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ապագայի համար «շատ վատ» կլինի, եթե դաշնակիցները չօգնեն վերացնել Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Նեղուցը փաստացի փակվել է Իրանի կողմից՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ արդեն երրորդ շաբաթը շարունակվող պատերազմի ֆոնին։ Թրամփը մասնավորապես կոչ է արել Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, ինչպես նաև Ճապոնիային, Չինաստանին և Հարավային Կորեային՝ մասնակցել Պարսից ծոցում նավթի տարանցման շրջափակումը վերացնելու «համատեղ ջանքերին»։ Այս շրջափակումն արդեն իսկ հանգեցրել է նավթի գների զգալի աճի։