Ճապոնիան առայժմ չի դիտարկում Հորմուզի նեղուցի պարեկության համար իր ռազմական նավերն ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին խորհրդարանական բանավեճերի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին։

«Ներկայումս Ինքնապաշտպանության ուժերի ուղարկում չի դիտարկվում», - պատասխանել է նա պատգամավորների համապատասխան հարցին։ Միևնույն ժամանակ, Կոիձումին խոստովանել է, որ տեսականորեն գործող օրենսդրությունը թույլ է տալիս տարածաշրջան ուղարկել ճապոնական նավեր այն դեպքում, եթե դա պահանջվի Ճապոնիայի քաղաքացիների «կյանքը, առողջությունը կամ գույքը» պաշտպանելու համար։ Նախարարը չի հստակեցրել, թե արդյոք Մերձավոր Արևելքում տիրող ներկայիս իրավիճակը համապատասխանում է այդ սցենարին։

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան, իր հերթին, հերթական ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ճապոնական կողմը տեղյակ է Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից, սակայն ընդգծել է, որ «Ինքնապաշտպանության ուժերի ուղարկման վերաբերյալ այս պահին որևէ որոշում չկա»։ Կիհարան խոստացել է, որ ճապոնական կողմը, սերտորեն համագործակցելով միջազգային հանրության հետ, կշարունակի Մերձավոր Արևելքում և մասնավորապես Հորմուզի նեղուցում իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական աշխատանքը։