Բժշկական սարքավորումներ արտադրող ամերիկյան Stryker ընկերությունը կիբերհարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ) թերթը: Պարբերականի կողմից հարցված փորձագետները կարծում են, որ հարձակումը կարող է կապված լինել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված ագրեսիայի հետ:

Պարբերականը միջադեպն անվանում է «ԱՄՆ պատմության մեջ պատերազմական ժամանակաշրջանի ամենամաշտաբային կիբերհարձակումը»: Թերթի տեղեկություններով՝ ընկերությունը նախորդ շաբաթ հայտնել է իր ներքին համակարգերի խափանումների մասին, որոնք աշխատում են Microsoft ընկերության ծրագրային ապահովման հիման վրա: Ղեկավարությունը զգուշացրել է որոշ հիվանդանոցներում տվյալների փոխանցման հնարավոր խափանումների մասին, սակայն հավաստիացրել է, որ արտադրանքը «չի տուժել և անվտանգ է օգտագործման համար»: Խնդիրների մասին հայտնել են Stryker-ի ամբողջ աշխարհում գտնվող աշխատակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Իռլանդիայում և Ավստրալիայում:

Ընկերությունը ենթադրում է, որ հաքերները կարող էին հասանելիություն ստանալ ընկերության սարքերի հեռակա կառավարմանը և հնարավորություն ունենային տասնյակ հազարավոր սարքերի վրա առկա տվյալները ջնջելու համար։ Աշխատակիցներին խորհուրդ է տրվել չսեղմել կասկածելի հղումներին և կոչ է արվել անհապաղ հեռացնել անձնական սարքերից հեռակա հասանելիության հավելվածներն ու աշխատանքային հաշիվները։

Պարբերականի տեղեկություններով՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Handala խմբավորումը, որն իրեն ներկայացնում է որպես անկախ, սակայն կիբերանվտանգության փորձագետները և ամերիկյան իշխանությունները պնդում են, որ այն կապված է Իրանի հետ։