Մերձավոր Արևելքում պատերազմի վերաբերյալ Քիր Սթարմերի հասցեին Դոնալդ Թրամփի հնչեցրած քննադատությունից հետո Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը պաշտպանել է Մեծ Բրիտանիայի վարչապետին։
BBC-ի Newsnight ծրագրին տված հարցազրույցում Ստուբը հայտարարել է, որ հիանում է Սթարմերով և որ «երբեք չպետք է թերագնահատել» Միացյալ Թագավորության վարչապետի՝ «հանգստություն պահպանելու ունակությունը»։
Նա հավելել է, որ բազմաթիվ միջազգային առաջնորդներ Թրամփի հետ ունենում են ինչպես «լավ, այնպես էլ վատ օրեր»։
ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ «դժգոհ է» Սթարմերից այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել էր, թե Բրիտանիան թույլ չի տա իրեն ներքաշել «ավելի մասշտաբային պատերազմի» մեջ։ Նրա քննադատությունը տարածվում է նաև այն դաշնակիցների վրա, որոնք դեռ չեն հայտարարել, թե արդյոք պատրաստվում են օգնել ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցում։
Այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի դաշնակիցները, այդ թվում՝ Ֆինլանդիան, պետք է միանան ԱՄՆ-ին, Ստուբը պատասխանել է. «Դա անսպասելի հարձակում էր, ուստի մեզանից ոչ ոք դրա մասին չգիտեր, և հավանաբար հենց դա է պատճառը, որ անհամաձայնություն և որոշակի դիմադրություն է առաջացել»։
«Մենք ունենք մեր սեփական տարածքը, որի մասին պետք է հոգ տանենք՝ Ռուսաստանի հետ 1340 կիլոմետր սահման... Մենք փոխարենը առաջարկելու ոչինչ չունենք։ Մենք չունենք բազաներ կամ նմանատիպ այլ բան։ Կարծում եմ՝ այս պահին ես կցանկանայի տեսնել ավելի շատ խաղաղ միջնորդություն, այլ ոչ թե իրավիճակի էսկալացիա»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը։ Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառված որոշ պատժամիջոցների չեղարկմանը՝ Ստուբը նշել է. «Դա ինձ դուր չի գալիս»։





























