Ամերիկյան «USS Gerald R. Ford» ավիակիր նավի անձնակազմն ավելի քան 30 ժամ չի կարողացել մարել նավի վրա բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում է The New York Times (NYT) պարբերականը՝ հղում անելով ավիակրի մի քանի նավաստիների։
Պարբերականը հիշեցրել է, որ հրդեհը բռնկվել է նավի գլխավոր լվացքատանը մարտի 12-ին։ Կրակի մարման աշխատանքներին մասնակցող երկու անձ է վիրավորվել, տասնյակ մարդիկ թունավորվել են շմոլ գազից։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Բացի այդ, կրակի հետևանքով, անձնական իրերից բացի, այրվել են ավելի քան 600 նավաստիների մահճակալները և նրանք այժմ «ստիպված են քնել հատակին և սեղանների վրա»։
The New York Times-ը հավելել է, որ USS Gerald R. Ford ավիակրի տախտակամածին կա 4,5 հազար նավաստի և ավիացիայի օդաչու: Ավիակիրը նավարկության մեջ է արդեն գրեթե 10 ամիս:
Մարտի 12-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Կարմիր ծովում գտնվող և Մերձավոր Արևելքում Իրանի դեմ գործողությանը մասնակցող ամերիկյան USS Gerald R. Ford ավիակրի վրա բռնկված հրդեհի մասին: Ավելի ուշ Իսլամական Հանրապետության զինված ուժերի «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը պնդել էր, թե ԱՄՆ զինծառայողներն իբր իրենք են հրդեհել USS Gerald R. Ford ավիակիրը՝ Իրանի դեմ մարտական գործողություններին այլևս չմասնակցելու համար:





























